«Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթը» կարևոր հնարավորություն էր Հայաստանի առաջնահերթությունները ներկայացնելու համար. Մաթևոսյան

Ամփոփելով աշխատանքային այցս Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն՝ կարող եմ վստահ ասել, որ «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթը» կարևոր հնարավորություն էր ներկայացնելու Հայաստանի՝ որպես COP17-ի նախագահող երկրի առաջնահերթությունները և ընդլայնելու միջազգային համագործակցությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։
«Մասնակցեցի մի շարք բարձր մակարդակի միջոցառումների, որոնց ընթացքում հնարավորություն ունեցա ներկայացնելու Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ի նախագահող երկիր, ընդգծելու ներառական, թափանցիկ և արդյունքահեն նախագահության մեր հանձնառությունը, ինչպես նաև քննարկելու համատեղ նախաձեռնություններ, որոնք կնպաստեն կենսաբազմազանության պահպանության և վերականգնման ուղղությամբ գործնական արդյունքների ապահովմանը։
Այցի ընթացքում կայացած հանդիպումներն ու քննարկումները վերահաստատեցին, որ միջազգային հանրությունը պատրաստ է համատեղ աշխատել կենսաբազմազանության պահպանության, ֆինանսավորման նոր հնարավորությունների ընդլայնման և COP17-ի հաջող անցկացման ուղղությամբ։
Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությանը, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանին, դեսպանության ողջ անձնակազմին, ինչպես նաև բոլոր գործընկերներին՝ այցի բարձր մակարդակով կազմակերպման, արդյունավետ համագործակցության և շարունակական աջակցության համար։
Համոզված եմ, որ Լոնդոնում ձեռք բերված պայմանավորվածություններն ու ձևավորված գործընկերությունները կարևոր ներդրում կունենան ինչպես Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի ոլորտում իրականացվող ծրագրերի առաջմղման, այնպես էլ՝ COP17-ի հաջող կազմակերպման գործում»,-նշել է նա։

Related posts

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

Սրբուհի Գալյանը Սանկտ Պետերբուրգում ներկայացրել է դատաիրավական բարեփոխումների արդյունքներն ու առաջնահերթությունները

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը