ԼՂ-ից տեղահանված ավելի քան 5,000 անձ արդեն աշխատանքի է տեղավորվել

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալների համաձայն՝ հանրապետությունում արդեն աշխատանքի է տեղավորվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 5351 անձ։

Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ճեպազրույցի ժամանակ տեղեկացրել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը՝ մանրամասնելով, որ նրանք հիմնականում աշխատանքի են տեղավորվել հիմնականում մշակող արդյունաբերության ոլորտում՝ 674 անձ, կրթության՝ 947, սպասարկման և ծառայության՝ 731, շինարարության ոլորտում 420 անձ և այլն:

«Դեկտեմբերի 4-ի դրությամբ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության 49 կենտրոններում որպես աշխատանք փնտրող հաշվառվել է շուրջ 3929 անձ, որից 3737-ը ստացել է գործազուրկի կարգավիճակ։ Աշխատանքի տեղավորման նպատակով ուղեգիր է ստացել 1608 անձ,ինչի արդյունքում այս պահի դրությամբ 438-ն արդեն իսկ տեղավորվել է աշխատանքի»,-հավելել փոխնախարարը։

Անդրադառնալով զբաղվածության ծրագրերին, նա նշել է, որ վերջնական փուլում է գտնվում նախարարության կողմից մշակվող երկու ծրագիր և հաստատման պարագայում կգործեն արդեն 2024 թվականի սկզբից։

«Զուգահեռաբար՝ Առողջապահության, ԿԳՄՍ նախարարությունները հատուկ միջոցառումներ են իրականացրել համապատասխան ոլորտների մասնագետների զբաղվածության աջակցության նպատակով։ Իրականացվում են և նախատեսում ենք իրականացնել զբաղվածության տարբեր ծրագրեր միջազգային գործընկերների հետ»,-ավելացրել է Սարգսյանը՝ համոզմունք հայտնելով, որ աշխատանք փնտրելու դեպքում, վստահաբար,այն կարող է գտնել, քանի որ տարբեր ոլորտներում առկա է մոտ 5000 թափուր աշխատատեղ, որոնց մասին հնարավոր է տեղեկություն ստանալ այցելելով Միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ կամ համապատասխան էլեկտրոնային հարթակի միջոցով։

Related posts

1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան

Դավիթ Առուշանյանը ընտրողների ակտիվության ու ՔՊ-ի առաջատար լինելու մասին