ԼՂ ժողովրդի համար գոյաբանական սպառնալիքի պայմաններում միջազգային հանրությունը գործողություններ ձեռնարկելու պատասխանատվություն է կրում. Մհեր Մարգարյան

Հունիսի 26-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում տեղի է ունեցել «Պաշտպանելու պատասխանատվությունը և ցեղասպանությունների, պատերազմական հանցագործությունների, էթնիկ զտումների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելումը» օրակարգի կետի ներքո քննարկում, որին ելույթ է ունեցել ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից իր իրավական պարտավորությունների և Արդարադատության միջազգային դատարանի վճռի խախտումով Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմանը, ինչը վտանգում է անմեղ քաղաքացիների կյանքեր՝ ի հեճուկս միջազգային հումանիտար իրավունքի։ Շեշտվել է, որ Հայաստանը դիմել է ՄԱԿ-ին՝ առաքելություն ուղարկելու Լեռնային Ղարաբաղ՝ բնակչության հումանիտար, անվտանգային և մարդու իրավունքների կացությունը գնահատելու նպատակով։

ՀՀ մշտական ներկայացուցիչը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ մարդու հիմնարար իրավունքների շարունակական ոտնահարումները և միջազգային հումանիտար ներկայության մերժումը բացահայտում են Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մտադրությունը։ Շեշտվել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար ստեղծված գոյաբանական սպառնալիքի պայմաններում միջազգային հանրությունը կրում է գործողություններ ձեռնարկելու և ոճրագործությունները կանխարգելելու պատասխանատվություն։

Դեսպան Մարգարյանն ընդգծել է Հայաստանի լիակատար հանձնառությունը անպատժելիությունը վերացնելու ջանքերին, ներառյալ՝ միջազգային քրեական արդարադատության մեխանիզմների միջոցով։

Related posts

Վաղը մեկնելու եմ Իրան. Նիկոլ Փաշինյան

Ժողովուրդը շատ լավ գիտի՝ իր ձայնը կեղծվե՞լ է, թե՞ ոչ. վարչապետ

Ոչ մի պաշտոն հավերժ չի. Ա.Սիմոնյան