Իրանը ԱԹՍ-ներ է մատակարարել Ռուսաստանին ռուս-ուկրաինական հակամարտությունից առաջ. Աբդոլլահիան

Թեհրանը փոքր քանակությամբ անօդաչու թռչող սարքեր է մատակարարել Ռուսաստանին՝ հայտարարել է Իրանի արտգործնախարարը։ Միաժամանակ, Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հերքել է Ռուսաստանին իրանական բալիստիկ հրթիռներ տրամադրելու մասին տեղեկությունները։ Այդ մասին հայտնում են իրանական աղբյուրները:

«Արևմտյան որոշ երկրներ աղմուկ են բարձրացրել, թե Իրանը Ռուսաստանին անօդաչուներ է մատակարարել՝ պատերազմում Մոսկվային օգնելու համար: Մենք Ռուսաստանին փոքր քանակությամբ ԱԹՍ-ներ ենք մատակարարել, սակայն ռուս-ուկրաինական հակամարտությունից մի քանի ամիս առաջ»,- մանրամասնել է Իրանի գլխավոր դիվանագետը:

Նա հավելել է, որ Թեհրանը Կիևից ապացույցներ է պահանջել, որ ռուսական ուժերն իրանական անօդաչու թռչող սարքեր են օգտագործել Ուկրաինայի դեմ:

«Երկու շաբաթ առաջ Իրանի ռազմաքաղաքական պատվիրակությունը մեկնել էր եվրոպական երկրներից մեկը՝ հանդիպելու ուկրաինացիների հետ, սակայն նրանք այդպես էլ չհայտնվեցին: Եթե պարզվի, որ Ռուսաստանը պատերազմի ժամանակ իրանական անօդաչու սարքեր է կիրառել, մենք կարձագանքենք։ Թեհրանի դիրքորոշումը հայտնի է՝ պատերազմը պետք է դադարեցվի, բանակցությունները պետք է վերսկսվեն»,- եզրափակել է Աբդոլլահիանը։

Related posts

ԲԸՏՄ-ն վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը դիմել է արդարադատության նախարարին՝ ընտրական հանցագործությունների դեմ օրենսդրական խստացումներ նախաձեռնելու առաջարկով

Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները