Իտալացի քաղաքապետը խիստ է արձագանքել Ցեղասպանության տարելիցի միջոցառմանը Թուրքիայի դեսպանի միջամտության փորձին

Ֆերարան Թուրքիան չէ. իտալական քաղաքի ղեկավար Ալան Ֆաբրին այս տողերով իր վրդովմունքն է հայտնել Հայոց ցեղասպանության տարելիցին Ֆերարայի թատրոնում կազմակերպվելիք միջոցառման վերաբերյալ Իտալիայում Թուրքիայի դեսպանի հղած նամակի առնչությամբ:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, դեսպան Մուրադ Սալիմ Էսենլին քաղաքապետ Ֆաբրիին ուղղած նամակում հորդորել էր նրան վերանայել դիրքորոշումը թատրոնում Անտոնիա Արսլանի մասնակցությամբ կայանալիք միջոցառման առնչությամբ, որը կոչվում էր «Հայոց ցեղասպանությունը հիշողության, բանակցությունների և լռության միջև»: Դեսպանը այն «միակողմանի միջոցառում» էր անվանել՝ հիմնված «բացառապես հայերի պնդումների վրա»:

Ալան Ֆաբրին իր տարակուսանքն է հայտնել դեսպանի գործողությունների առնչությամբ՝ նշելով, որ նախ կան բավարար ապացույցներ «այդ սարսափելի իրադարձությունների վերաբերյալ, որը վերջերս ճանաչել էր նաև ԱՄՆ նախագահը»: Բացի այդ, քաղաքապետը նշել է, որ թուրք դիվանագետը, փաստացիորեն, «մեր իսկ տանը առաջարկում է գրաքննություն իրականացնել մի միջոցառման հետ կապված, որի միակ նպատակն է ոգեկոչել 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակը ու պայքարել չափազանց երկար շարունակվող ժխտման դեմ»:

«Մենք չենք կարող թույլ տալ, որ վիրավորվի հիշողությունը, որ ժողովրդավարական, խաղաղ ու մշակութային նախաձեռնությունները, որոնք իրականացվում են ազատության տաճար համարվող թատրոնում, փորեն խճճել այնպիսի երկրի կողմից, ինչպիսին է Թուրքիան, որն աչքի չի ընկնում ժողովրդավարության ցուցանիշներով:

Եթե թուրք դեսպանն իր անհանդուրժելի միջամտությամբ կարծում է, թե կարող է մեր տանը թելադրել իր օրենքները, ապա ասեմ, որ չարաչար սխալվում է: Ֆերարան ազատ քաղաք է, ցանկացած ռեժիմի ու ժխտման թշնամին, և այդպես կլինի միշտ»,- հայտարարել է Ալան Ֆաբրին:

Քաղաքապետը տեղեկացրել է, որ գործընթաց է նախաձեռնելու՝ իտալահայ գրող Անտոնիա Արսլանին և Հայոց ցեղասպանության ու հայկական հարցի մասին իր համարձակ հրապարակումներով հայտնի թուրք պատմաբան Թաներ Աքչամին պատվավոր քաղաքացու կոչում տալու համար: «Հարգանքներս և հիացմունքս նրանց երկուսին»,- ֆեյսբուքյան էջում իր գրառումը եզրափակել է Ֆերարայի քաղաքապետը:

Related posts

Ռուսաստանում վառելիքի շուկայի կայունացմանն ուղղված միջոցառումներն արդյունքներ են տալիս. Նովակ

Մի խումբ աղջիկներ ծեծի են ենթարկել մեկ այլ աղջկա․ նրանք ներկայացվել են ՔԿ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ադիս Աբեբայում Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին