Բարձր ջերմաստիճանն ու օդի բարձր խոնավությունը մեծացնում են սրտանոթային համակարգի ծանրաբեռնվածությունը։ Շոգ եղանակին սիրտն աշխատում է ավելի մեծ լարվածությամբ, իսկ բարդությունների վտանգն առավել բարձր է սրտանոթային հիվանդություններ ունեցող անձանց շրջանում։
Ինչպե՞ս է շոգն ազդում սրտի վրա
Արյունատար անոթների լայնացման հետևանքով զարկերակային ճնշումը կարող է նվազել, իսկ սրտի կծկումների հաճախությունը՝ ավելանալ։
Առատ քրտնարտադրությունը կարող է հանգեցնել ջրազրկման և էլեկտրոլիտների կորստի՝ մեծացնելով սրտի ծանրաբեռնվածությունն ու ռիթմի խանգարումների վտանգը։
Օդի բարձր խոնավությունը դժվարացնում է քրտինքի գոլորշիացումը և օրգանիզմի բնական հովացումը՝ մեծացնելով գերտաքացման վտանգը։
Սրտանոթային հիվանդություններ ունեցող անձանց մոտ կարող են սրվել առկա ախտանիշները և մեծանալ բարդությունների վտանգը։
Ինչպե՞ս պաշտպանվել
- Խմե՛ք բավարար քանակությամբ ջուր, եթե բժիշկը հեղուկի սահմանափակում չի նշել։
- Խուսափե՛ք արևի ուղիղ ճառագայթներից։ Օրվա ամենաշոգ ժամերին՝ 11:00–17:00-ն, մնացե՛ք զով կամ լավ օդափոխվող տարածքում։
- Կրե՛ք թեթև, ազատ և բաց գույնի հագուստ։
- Խուսափե՛ք ծանր ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, հատկապես օրվա շոգ ժամերին։
- Շարունակե՛ք ընդունել բժշկի նշանակած դեղերը։ Առանց բժշկի խորհրդի մի՛ դադարեցրեք դրանք և մի՛ փոխեք դեղաչափերը։
Պարբերաբար վերահսկե՛ք զարկերակային ճնշումը և անոթազարկի հաճախությունը։
Սրտանոթային հիվանդություններ ունեցող անձանց համար շոգ օրերին հատկապես կարևոր է հետևել բժշկի ցուցումներին և կանխել ջրազրկումն ու օրգանիզմի գերտաքացումը։