Թուրքիան Ֆրանսիային մեղադրել է իր դատական գործընթացներին միջամտելու փորձի համար

Անկարան Փարիզին մեղադրել է Թուրքիայում իրականացվող դատական գործընթացներին միջամտելու փորձի համար:

Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է Ֆրանսիայի արտգործնախարարության մտահոգությանը մի շարք թուրք ընդդիմադիր գործիչների, այդ թվում՝ Ադանայի, Անթալիայի, Ադըյամանի քաղաքապետների ձերբակալությունների առնչությամբ: Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից թուրքական իշխանություններին կոչ էին արել հարգել սեփական քաղաքացիների ու ընդդիմադիր պատգամավորների իրավունքները՝ ապահովելով արդար դատավարության ու խոսքի ազատության իրավունքի իրացումը։

«Մենք մերժում ենք Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, որն իր բնույթով մեր երկրի ներսում դատական գործընթացներին միջամտություն է։ Թուրքիան ապահովում է իր բոլոր քաղաքացիների արդար ու անաչառ դատավարության իրավունքը՝ օրենքի գերակայության սկզբունքին համապատասխան»,- ասված է հայտարարության մեջ:

Թուրքական կողմը խորհուրդ է տվել Ֆրանսիային հարգել իրենց ներքին օրենսդրությունը և դատական համակարգի անկախությունը, «խուսափել այլ երկրների հասցեին քաղաքական հայտարարություններից և կենտրոնանալ սեփական ներքին խնդիրների վրա»։

Related posts

Անմիջական զրույց՝ հերթապահություն իրականացնող ժամկետայինների հետ. Պապիկյան

Ձերբակալվել են Վանաձորի համայնքապետարանի ծրագրի ղեկավարն ու փորձագետը

COP17-ի կազմկոմիտեն քննարկել է գագաթնաժողովի և բարձր մակարդակի հանդիպումների նախապատրաստական աշխատանքները