Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս՝ շարունակելու Հայոց ցեղասպանությունը. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը The Globe and Mail-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել կանադական հեղինակավոր The Globe and Mail պարբերականին, որում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում իրավիճակին: Հարցազրույցի մասին հոդվածը ներկայացնում ենք ստորև.

«Հայաստանն ու Ադրբեջանը լայնածավալ պատերազմի շեմին են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ: The Globe and Mail-ին տված բացառիկ հարցազրույցում պարոն Փաշինյանն ասաց, որ իր երկիրը գտնվում է «քաղաքակրթական առաջնագծում» և որ այն երկրները, որոնք ՆԱՏՕ-ի միջոցով դաշնակցում են Թուրքիային, ինչպես Կանադան, արդ պետք է որոշեն, թե իրենք որ կողմում են:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Թուրքիան քաջալերում է Ադրբեջանի փորձը՝ լայնածավալ պատերազմի միջոցով վերադարձնելու Լեռնային Ղարաբաղը՝ գերազանցապես հայերով բնակեցված տարածքը, որը 1990-ականների սկզբին տեղի ունեցած արյունալի պատերազմից ի վեր գտնվում է տեղի էթնիկ հայկական ուժերի վերահսկողության տակ: Նա ասաց, որ Թուրքիան սիրիական վարձկաններ է ուղարկել ադրբեջանական կողմին օգնելու համար. պնդում, որը հաստատում են նաև Ռուսաստանը և Ֆրանսիան: Պարոն Փաշինյանը հավելեց, որ նաև թուրքական օդուժն է հարձակվել հայկական դիրքերի վրա:

«Թուրքիայի զինված ուժերն անմիջականորեն մասնակցում են ռազմական գործողություններին», – Հայաստանի մայրաքաղաք Երևանից հեռախոսազանգով ասաց պրն. Փաշինյանը: «Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի անդամ դաշնակիցները պետք է բացատրեն, թե ինչու են F-16 ինքնաթիռները գնդակոծում Լեռնային Ղարաբաղի քաղաքներն ու գյուղերը՝ սպանելով խաղաղ բնակչությանը»:

Հինգշաբթի օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գրասենյակը հայտնեց, որ վերջինս հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և որ երկուսն էլ «կիսում են Թուրքիայի կողմից սիրիացի վարձկաններ Լեռնային Ղարաբաղ ուղարկելու հետ կապված մտահոգությունը»:

Պարոն Փաշինյանը նաև կոչ արեց արևմտյան երկրներին վերանայել Թուրքիային զենք վաճառելու պայմանավորվածություններն այն բանից հետո, երբ The Globe-ը հայտնեց, որ Բեռլինգտոնի, L3Harris Wescam–ի արտադրած պատկերագրման և թիրախավորման համակարգերը, որոնք վաճառվել են Թուրքիային, Ադրբեջանն օգտագործում է պատերազմական այս վերջին գործողություններում:

Նա ասաց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դիմակայությունում Թուրքիայի դերը պետք է դիտարկել սիրիական և լիբիական հակամարտություններում նրա ներգրավվածության, ինչպես նաև Միջերկրականում ծովային սահմանների առնչությամբ Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ Թուրքիայի որդեգրած «ագրեսիվ» դիրքորոշման համատեքստում:

Պարոն Փաշինյանն ասաց, որ իր կառավարությունը մշտական կապի մեջ է Ռուսաստանի հետ և հավելեց, որ Թուրքիայի պահվածքը խնդիրներ է ստեղծում ամբողջ միջազգային հանրության համար:

Հինգշաբթի օրը Ֆրանսիան, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով կողմերին անհապաղ վերադառնալ հրադադարի ռեժիմին և բարեխղճորեն և առանց նախապայմանների պարտավորվել անհապաղ վերսկսել բովանդակային բանակցությունները: Սակայն հրադադարի ռեժիմի վերականգնման կոչը մերժվեց Թուրքիայի նախագահ Թայիփ Ռեջեփ Էրդողանի կողմից:

Պարոն Փաշինյանն ասաց, որ ինքը ողջունում է հրադադարի կոչը և դատապարտում է Թուրքիայի կողմից դրա մերժումը:

«Մերձավոր Արևելքից ներմուծված ահաբեկիչները կռվում են Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի հովանավորության ներքո: Ինչպե՞ս կարող է ինչ-որ մեկը հիմա առաջարկել անպաշտպան թողնել Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչությանը ահաբեկիչներին և ծայրահեղականներին դեմ հանդիման: Հրադադար կարող է հաստատվել միայն այն դեպքում, եթե Թուրքիան հեռացվի Հարավային Կովկասից»:

Պարոն Փաշինյանն Էրդողանին նկարագրեց որպես առաջնորդ, որը երազում է վերականգնել այն Օսմանյան կայսրությունը, որը ոչնչացրեց իր հայ ազգաբնակչությանը Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում իրականացված ջարդերի և տեղահանությունների միջոցով: «Անցել է հարյուր տարի, և Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս՝ շարունակելու Հայոց ցեղասպանությունը»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից