Թորոսյանը պարզաբանել է` երբ պատվաստանյութը կհասնի Հայաստան

Հայաստանում կորոնավիրուսի թվերի հետ կապված դրական դինամիկա է նկատվում, սակայն առողջապահական համակարգը շարունակում է լարված գործել: «Արմենպրես»ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ վերջին տվյալների համաձայն 4 հազար 109 թեստից արձանագրվել է 1589 նոր դեպք: Նախարարը նկատեց, որ ընդհանուր թեստերի մեջ տոկոսն է իջնում, բացարձակ թիվն է իջնում:

«Ամեն դեպքում հերթի մեջ եղած մեր քաղաքացիների թիվը մեծ է: Այսօրվա տվյալներով` հոսպիտալացման հերթի մեջ ունենք 375 քաղաքացի: Նրանցից շատ ծանրը 25-ն են: Հավանաբար կկարողանանք նրանց օրվա մեջ հոսպիտալացնել: Ասեմ, որ օրեր առաջ հերթում սպասողների թիվը 800-ից ավելին է եղել, ինչպես տեսնում ենք այստեղ ևս նվազում կա: Այո, տարբեր ցուցանիշներում նվազում նկատվում է, սակայն հոսպիտալային ֆոնդի ծանրաբեռնվածությունը չի թուլանում: Ծանր դեպքերը երկար են պառկում, շաբաթներ են տևում, համակարգի վրա դեռ թեթևություն չենք զգում»,-ասաց Արսեն Թորոսյանը:

Նախարարի խոսքով, այս դրական դինամիկան նույնպես հարաբերական է: Արդեն քանի օր է բացվել են կրտսեր դասարանները, երեխաները հաճախում են դպրոց, ինչ-որ մի փուլում կարող են գնալ միջին, ավագ դպրոցի բացմանը, որը հավելյալ ծանրաբեռնվածություն է: Կորոնավիրուսի ուղղությամբ ծավալված բոլոր բուժհաստատություններն աշխատում են իրենց առավելագույնով: Նախարարի խոսքով, այս փուլում ամենամեծ խնդիրներից մեկը թթվածինն է, որը մատակարարվում է բժշկական կենտրոններին: Հոսպիտալացված քաղաքացիների մեծ մասի համար առաջնային է թթվածինը: Առանց թթվածնի, ըստ նախարարի, դեղորայքը ոչ մի օգուտ չի կարող տալ:

«Շուտով կստանանք թթվածնի մի քանի կայաններ: Դեկտեմբերի վերջին ևս 4 մեծ կայան կունենանք: Ասեմ, որ մայիս, հունիս ամիսներին բազմաթիվ կայաններ գնել էինք, սակայն այսպիսի մեծ թվերի կանխատեսում քանի որ չունեինք, եղածի վրա կանգ էինք առել: Այս թվերի մեծ լինելը պայմանավորված է ոչ միայն բնական աճով, այլև ռազմական դրությամբ, որի հետևանքով շատ դեպքերում կանոնները չպահպանվեցին: Պետք է փորձենք այս շարունակական մարտահրավերին դիմագրավել: Ուզում եմ հատուկ շեշտել, որ մենք չգիտենք, թե այս մարտահրավերի ավարտը երբ է լինելու»,-ասաց նա:

Չթուլանալ, շարունակել աշխատել մինչև լուծում գտնվի կամ պատվաստումով, կամ դեղորայքով. նախարարը երկրորդ տարբերակի հավանականությունն ավելի քիչ է համարում, փոխարենը նկատում է, որ պատվաստանյութի մասով արդեն որոշակի տեղաշարժեր կան: Աշխատանքներ տարվում են, ձեռք բերելու պայմանավորվածություններ կան, սակայն դրանք ամենայն հավանականությամբ Հայաստան կհասնեն գարնան կեսերին:

Ինչ վերաբերում է թեստերին, ապա Արսեն Թորոսյանն ասաց, որ թեստերի պակասի խնդիր երկիրը չունի, շարունակում են բացվել նաև թեստավորում իրականացնող նոր լաբորատրիաներ: Վերջին շաբաթում երկու նոր լաբորատորիաներ են բացվել:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում