Զինվորները երթևեկել են մեքենայով, որը շահագործման չպետք է լիներ. Փաշինյանը` տեղի ունեցած վթարի մասին

«Զինվորները վրաերթի են ենթարկվել մի մեքենայի կողմից, որը շահագործման ենթակա չպետք է լիներ, ինչի հետևանքով զինվորներից մեկը զոհվել է: Այս դեպքը… այս դեպքն էլ է նրա մասին, թե մեր պրոբլեմները ինչ համակարգային նշանակություն ունեն»։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով զինվորների մասնակցությամբ վրաերթին:

Վարչապետը զուգահեռներ անցկացրեց Պարեկային ծառայության ներդրման շրջանի հետ՝ հիշեցնելով, որ տարբեր վայրերից զանգեր են եղել՝ գյուղական բնակավայրերում խոտ տեղափոխող մեքենաների տեխզննման կամ պետհամարանիշների պահանջներից զիջումներ անելու խնդրանքով, սակայն Կառավարությունը զիջման չի գնացել։

Վարչապետը հավելեց, որ միջադեպի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ զինվորների դրսում գտնվելու պատճառները, պետք է պարզվեն։

Օգոստոսի 19-ին Ճամբարակ-Վահան ճանապարհին տեղի ունեցած վրաերթի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը):

Քրեական վարույթի շրջանակում տրանսպորտային միջոցի վարորդը ձերբակալվել է:

«Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ»,- մանրամասնել են ՔԿ-ից:

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ից հայտնել էին, որ օգոստոսի 19-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, Ճամբարակ քաղաք տանող ավտոճանապարհին դեռևս չպարզված հանգամանքներում քաղաքացու վարած «Գազ-53» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը՝ զինծառայող Սուրեն Մամբրեի Վարդանյանը, մահացել է։

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

«Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին ու հարազատներին:

Մյուս զինծառայողները (վերջիններիս ընտանիքները սահմանված կարգով տեղեկացված են դեպքի մասին) տեղափոխվել են զինվորական հոսպիտալ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում են հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության ներքո»,- ասվում էր ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Related posts

Գազայի հատվածից առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեխաների անհրաժեշտ բժշկական օգնությունը կկազմակերպվի ՀՀ-ում

Ճամբարակի վթարից տուժած զինծառայողներից 3-ը բժշկական միջամտության կարիք չունեն, մյուսների վիճակը կայուն է. ՊՆ

Վահագն Ալեքսանյանը և ՄԹ դեսպանը քննարկել են երկկողմ խորհրդարանական կապերի խորացման հեռանկարները