ԵԽ գլխավոր քարտուղարը պատասխանել է նախագահ Արմեն Սարգսյանի նամակին՝ կապված հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի հետ

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը պատասխանել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի վերաբերյալ նամակին:

«Մենք շարունակում ենք ուշադիր հետևել Լեռնային Ղարաբաղում ու նրա շուրջ հումանիտար և մարդու իրավունքների վիճակին: Իր հերթին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն իր մտահոգությունն է հայտնել այն զեկույցների առնչությամբ, համաձայն որոնց՝ 2020թ. հակամարտության համատեքստում կալանավորված ոչ բոլոր անձինք են փոխանակվել»,- մասնավորապես նշել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը:

Նա նաև տեղեկացրել է, որ ԵԽԽՎ միգրացիոն հանձնաժողովն այժմ պատրաստում է զեկույց «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» խորագրով: «Թույլ տվեք հավաստիացնել Ձեզ, որ Եվրոպայի խորհուրդն իր մանդատի շրջանակում անելու է հնարավոր ամեն ինչ աջակցելու երկու անդամ-երկրներին՝ տարածաշրջանում հասնելու երկարաժամկետ խաղաղության ու բարգավաճման, և օգտագործելու է յուրաքանչյուր հնարավորություն` հումանիտար և մարդու իրավունքներին առնչվող հարցերը բարձրացնելու համար»,- ասված է Մարիա Պեյչինովիչ Բուրիչի պատասխան նամակում:

Related posts

Մոսկվայի կենտրոնում երեք օրով կսահմանափակվի բջջային ինտերնետի հասանելիությունը՝ գագաթնաժողովների պատճառով

Բացահայտվել են կեղծ, շուկայականից էականորեն ցածր գներով օղիների ստվերային շրջանառման դեպքեր

Դատախազությունը Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի մարզադահլիճը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան