Դատախազության պարզաբանումը Եղիպատրուշ համայնքում օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի վերաբերյալ

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից 2024 թվականի հունվարի 5-ին ստացված գրության հիմքով՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացվել է ուսումնասիրություն: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի ղեկավարը 2019 թվականի ապրիլի 1-ի թիվ 131-Ա որոշմամբ՝ «Արագածոտնի մարզի Եղիպատրուշ բնակավայրի 8-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 հասցեում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքում՝ 1208 թվականին և 1220 թվականին համայնքի կողմից ինքնակամ կառուցված եկեղեցին ճանաչել է համայնքային սեփականություն», որի հիմքով Կադաստրի կոմիտեն 2019 թվականի ապրիլի 4-ին գրանցել է Եղիպատրուշ համայնքի սեփականության իրավունքը:

«Նույն օրը՝ 2019 թվականի ապրիլի 4-ին, նույն իրավական հիմքերով Կադաստրի կոմիտեն գրանցել է Ապարան համայնքի սեփականության իրավունքը եկեղեցու նկատմամբ: Հետագայում՝ 2020 թվականի հունիսի 9-ին, Ապարան համայնքը Արագածոտնի մարզի Եղիպատրուշ բնակավայրի 8-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 հասցեում գտնվող եկեղեցին նվիրատվության պայմանագրով օտարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն: Նույն թվականի հուլիսի 6-ին Կադաստրի կոմիտեն գրանցել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սեփականության իրավունքը:

Մինչդեռ, «Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի է) ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում օտարման ենթակա չեն Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված ու Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող այն պաշտամունքային և քաղաքացիական կառույցները՝ մեհյանները, տաճարները, եկեղեցիները, մատուռները, վանական համալիրները, բնակելի, պալատական, արտադրական, կոմունալ, տնտեսական շինությունները, որոնց պահպանվածության վիճակը բացառում է դրանց ամբողջական գիտական վերականգնման և սկզբնական գործառնական նշանակությամբ օգտագործման հնարավորությունը:

Նույն օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը:

Կառավարության 2007 թվականի մարտի 15-ի թիվ 385-Ն որոշմամբ՝ Արագածոտնի մարզի Եղիպատրուշ բնակավայրի տարածքում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցին ընդգրկվել է «Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում»:

Այս դեպքում Արագածոտնի մարզի Ապարան համայնքի ղեկավարը, անտեսելով ՀՀ օրենքի համապատասխան հոդվածի պահանջը՝ Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված Եղիպատրուշ բնակավայրի տարածքում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցին համարել է ինքնակամ կառույց, ճանաչել է համայնքի սեփականությունը, այնուհետև այն նվիրաբերել, որի արդյունքում պետական սեփականություն հանդիսացող եկեղեցին դուրս է եկել պետության տնօրինումից:

Վերոգրյալը հաշվի առնելով՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի կողմից 2024 թվականի հունվարի 22-ին հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել, 2024 թվականի հունվարի 24-ին նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ 2024 թվականի փետրվարի 7-ին հայց է հարուցվել Վարչական դատարան ընդդեմ Ապարան համայնքի ղեկավարի՝ Ապարան համայնքի ղեկավարի 01.04.2019 թվականի թիվ 131-Ա որոշումն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանք կիրառելու պահանջով:

Վարչական դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 15-ի որոշմամբ վկայակոչված վարչական գործով հայցադիմումի ընդունումը մերժվել է:

Վերաքննիչ վարչական դատարանի 2024 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ՝ Գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքը մերժվել է:

Գլխավոր դատախազության կողմից վճռաբեկ բողոք է ներկայացվել: Միաժամանակ, 2024 թվականին հունիսի 11-ին Ապարան համայնքի ավագանուն առաջարկ է ներկայացվել՝ համայնքի ղեկավարի 2019 թվականի ապրիլի 1-ի թիվ 131-Ա որոշումն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանք կիրառելու պահանջով հայց հարուցել դատարան»,- ասված է հաղորդագրության մեջ:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում