Դավիթ Մինասյանի կալանքը վերացվել է, քրեական գործը ուղարկվել է դատարան

Երևանի Սուրբ Աննա Եկեղեցում տեղի ունեցած միջադեպի գործով կալանավորված Դավիթ Մինասյանի կալանքը վերացվել է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։

ՀՀ գլխավոր դատախազությունից 1lurer.am-ին հայտնեցին, որ դատախազը վարույթն իրականացնող մարմնից՝ Քննչական կոմիտեից, ստացել է Դավիթ Մինասյանի վերաբերյալ քրեական վարույթը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան հանձնելու նպատակով:

«Հսկող դատախազի որոշմամբ դատարանի կողմից ընտրված կալանք խափանման միջոցն այսօր վերացվել է, կիրառվել է բացակայելու արգելք: Դատախազը քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, այսօր հանձնել է իրավասու դատարան»,- հայտնեցին դատախազությունից:

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, հրապարակել էր Սուրբ Աննա եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի մասնակից եղբայրներից մեկի՝ 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը, ըստ որի՝ նա կալանավորվել էր 2 ամսով:

Միջադեպը տեղի էր ունեցել մարտի 29-ին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կուսակիցների հետ շրջել է Կենտրոն վարչական շրջանում, այնուհետև Սուրբ Աննա եկեղեցում մասնակցել պատարագի: Եկեղեցուց դուրս գալիս միջադեպ է գրանցվել, որի ժամանակ Դավիթ Մինասյանը փորձել է թիկունքից հարվածել Նիկոլ Փաշինյանին: Միջադեպից հետո Դավիթ Մինասյանն իր երկվորյակ եղբոր՝ Միքայել Մինասյանի հետ, ձերբակալվել է։ Միքայել Մինասյանի և ևս մեկ անձի՝ Գևորգ Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը և գրավը:

Related posts

Արտահանման արգելք է սահմանվել ՀՀ-ից ցորեն ապրանքատեսակի նկատմամբ

Կապահովվի «Ղարաբաղից տեղահանված անձանց ինքնազբաղվածության խթանում» միջոցառման իրականացումը ևս 200 շահառուի համար

Կբացվի առաջին արհեստական բանականության գործարանը