Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում չարաշահումներին առնչվող քրգործը՝ 6 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան

«Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ում հոգեմետ նյութերի ապօրինի ձեռքբերման, իրացման, ինչպես նաև կոռուպցիոն չարաշահումների դեպքերի առթիվ 2021թ. սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված, ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ի նարկոլոգ Ա.Ս.-ն, նախնական համաձայնության գալով նույն կենտրոնի նարկոլոգիական բաժանմունքի բուժքրոջ հետ, խախտելով կանոնները, փաստաթղթեր կեղծելու եղանակով, իրացման նպատակով 2021թ. ապրիլից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում, իրացման նպատակով «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ի հաշվեկշռից դուրս է գրել և ապօրինի ձեռք բերել «դիազեպամ», «սիպազոն», «գալոպրիլ», «ազալեպտին», «տիզերցին» և «ամպարոլ» տեսակի հոգեմետ /հոգեներգործուն/ նյութեր և դեղեր, որոնք վաճառել է իր հետ նախնական համաձայնության եկած մի շարք քաղաքացիների։

Բացի այդ, պարզվել է, որ նույն նարկոլոգը, նախնական համաձայնության գալով նարկոլոգիական և հոգեբուժական բաժանմունքի 2 բուժքույրերի հետ, իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս օժտված լինելով վարչատնտեսական գործառույթներ կատարելու լիազորություններով, 2021 թ. ապրիլից մինչև 2021 թ. հուլիս ժամանակահատվածում մի շարք քաղաքացիներից պահանջել և ստացել է խոշոր չափերով կաշառք: Մասնավորապես՝ ալկոհոլային կախվածության դեմ բուժում իրականացնելու, ալկոհոլային կախվածությունից հանելու և համապատասխան ներարկումներ կատարելու, առանց գրանցելու ալկոհոլային կախվածության դեմ բուժում իրականացնելու, առանց համապատասխան բժշկական ստուգումների և եզրակացության կենտրոնի նարկոլոգիական բաժանմունքի հաշվառումներից հանելու, վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու նպատակով նարկոլոգիական բաժանմունքի հաշվառումներից հանելու համար տարբեր պացիենտներից կամ նրանց հարազատներից պահանջել և ստացել է 5000-ից մինչև 30 000 դրամ կաշառք՝ առանձին դեպքերում մասնաբաժին հատկացնելով բուժքրոջը:

Նախաքննության ընթացքում քաղաքացիների բնակության հասցեներում, բուժկենտրոնի նշված աշխատակիցների բնակության հասցեներում, աշխատասենյակներում կատարվել են խուզարկություններ, որոնց ընթացքում հայտնաբերվել են հոգեմետ դեղահաբեր, նյութեր: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ի նարկոլոգ Ա. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 2-րդ մասի 1-ին կետով, 311-րդ հոդվածի (Կաշառք ստանալը) 3-րդ մասի 2-րդ կետով (5 դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ), նույն կենտրոնի նարկոլոգիական բաժանմունքի բուժքույր Ջ. Ս.- ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (5 դրվագ)։

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Իրենց օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար կաշառք տված 9 քաղաքացիներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի (Կաշառք տալը) 1-ին մասով: Հետագայում որոշումներ են կայացվել նրանցից 4-ի նկատմամբ գործուն զղջալու՝ ոչ արդարացնող, իսկ 1- ի նկատմամբ՝ հանցակազմի բացակայության արդարացնող հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։

ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում ստացվել է գործով մեղադրական եզրակացությունը, որը հաստատվել է վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից և քրեական գործը՝ ըստ մեղադրանքի նշված ՓԲԸ-ի նարկոլոգի, նարկոլոգիական բաժանմունքի բուժքրոջ և կաշառք տված 4 անձի, ուղարկվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննության առնելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում

Խանջյան փողոցում ծառի ճյուղերը և նստարանը ընկել են քաղաքացու վրա. նա հոսպիտալացվել է բժշկական կենտրոն