Գերեվարված հայ զինծառայողները պետք է անհապաղ և անվերապահ վերադարձվեն. ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից իրականացվող այս սադրիչ գործողությունները նպատակ ունեն առավել լարել իրավիճակը: Այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:

«Մայիսի 12-ից ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցած ադրբեջանական զորամիավորումները շարունակում են սադրիչ գործողություններ իրականացնել մի շարք ուղղություններով: Դրանցից մեկի արդյունքում մայիսի 27-ի վաղ առավոտյան Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից իրականացվող այս սադրիչ գործողությունները նպատակ ունեն առավել լարել իրավիճակը, ինչը կարող է լրջորեն վտանգել տարածաշրջանային խաղաղությունը և կայունությունը:

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուժի կիրառումը և ընդգծում, որ ադրբեջանական զինուժի բոլոր գործողությունների և դրանց հետևանքների պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: Գերեվարված հայ զինծառայողները պետք է անհապաղ և անվերապահ վերադարձվեն»,-ասված է հաղորդագրությունում:

Related posts

Թուրքիայում 3 երկրաշարժ է տեղի ունեցել

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 6-9-ը կբարձրանա 2-4 աստիճանով

«Վատ տղաները»՝ սիրո ու ընտանեկան խառնաշփոթի մասին