Գերեվարված հայ զինծառայողները պետք է անհապաղ և անվերապահ վերադարձվեն. ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից իրականացվող այս սադրիչ գործողությունները նպատակ ունեն առավել լարել իրավիճակը: Այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:

«Մայիսի 12-ից ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցած ադրբեջանական զորամիավորումները շարունակում են սադրիչ գործողություններ իրականացնել մի շարք ուղղություններով: Դրանցից մեկի արդյունքում մայիսի 27-ի վաղ առավոտյան Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից իրականացվող այս սադրիչ գործողությունները նպատակ ունեն առավել լարել իրավիճակը, ինչը կարող է լրջորեն վտանգել տարածաշրջանային խաղաղությունը և կայունությունը:

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուժի կիրառումը և ընդգծում, որ ադրբեջանական զինուժի բոլոր գործողությունների և դրանց հետևանքների պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: Գերեվարված հայ զինծառայողները պետք է անհապաղ և անվերապահ վերադարձվեն»,-ասված է հաղորդագրությունում:

Related posts

5 ոստիկան կազատվի ծառայությունից․ ՆԳՆ-ն ներկայացրել է կարգապահական հանձնաժողովի ծառայողական քննությունների արդյունքները

Եկանք Սիսիան. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փրկարարները ջրանցքից դուրս են բերել քաղաքացու դի