Գալուզինը՝ ՀԱՊԿ շրջանակներում Երևանի հետ փոխգործակցության մասին

ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գալուզինը RTV-ի հետ հարցազրույցի ժամանակ հույս է հայտնել, որ ՀԱՊԿ շրջանակներում Երևանի հետ փոխգործակցության բոլոր հարցերը, այդ թվում՝ կազմակերպության դիտորդական առաքելության՝ Հայաստանի տարածքում տեղակայումը, կլուծվեն կառուցողական և փոխշահավետ ձևով:

«Մենք բաց քննարկում ենք հայկական կողմի բոլոր մտահոգությունները ՀԱՊԿ-ում առկա փոխգործակցության ձևաչափերի շրջանակներում՝ սկսած մշտական ​​խորհրդի նիստերից մինչև Հավաքական անվտանգության խորհուրդ, որը կազմակերպության բարձրագույն մարմինն է։ Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ իրագործելու հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելության տեղակայման ծրագրերը՝ ի շահ Հայաստանի անվտանգության ապահովման, ինչպես նաև այլ օգնության միջոցները, որոնք ամրագրված են Հայաստանին օգնություն ցուցաբերելու մասին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման համապատասխան նախագծում: Դրան պատրաստ ենք այնքան, որքան Հայաստանը»,- ասել է պաշտոնյան։

Գալուզինը չի բացառել, որ ՀԱՊԿ-ի ներսում առկա են «դժվարություններ», որոնք բնորոշ են միջազգային բոլոր կառույցներին, քանի որ նրանք գործնական աշխատանք են կատարում՝ ելնելով իրենց բոլոր անդամների շահերից:

«Այսօրվա դրությամբ կազմակերպությունը սկսել է իր երկրների ղեկավարների 2022 թվականին կայացած հանդիպումներում ընդունված որոշումների իրականացման ինտենսիվ գործընթացը։ Հիմնականում Հայաստանի նախագահության շնորհիվ շատ բան է արվել մեր հավաքական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները հետ մղելու՝ ՀԱՊԿ-ի կարողությունները զարգացնելու հարցում: Ցանկանում եմ ընդգծել, որ ձեռք բերված արդյունքները հնարավոր չէին լինի առանց բոլոր անդամ պետությունների համակարգված, արդյունավետ և շահագրգիռ աշխատանքի»։

«Այժմ ակտիվ նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվում մայիս-հունիս ամիսներին նախատեսված արտաքին գործերի և պաշտպանության նախարարների խորհուրդների, ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հերթական նիստերի համար։ Օրակարգը շատ հագեցած է, ինչը վկայում է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում անվտանգության և կայունության ապահովման հարցերի լուծման գործում կազմակերպության մեծ պահանջարկի մասին»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարարը:

Նա նշել է, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում փոխգործակցության ամրապնդման այս և այլ հարցեր շահագրգիռ քննարկման առարկա են դարձել 2023 թ. մարտի 20-ին արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի Մոսկվայում կայացած հանդիպմանը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի՝ վերջերս Երևան կատարած այցի ընթացքում։

Related posts

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Նիկոլ Փաշինյան

Տաքսիում թողած պայուսակում հայտնաբերվել են մարտական նռնակ, անձնագիր, բանկային ու սոցիալական քարտեր

Որ քաղաքներում է մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան