Բռնությունը պետք է նախ ճանաչել որպես արատ, ապա ոչնչացնել. Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ազդարարել է ընտանեկան բռնության դեմ նոր արշավի մեկնարկը՝ հանդես գալով «Այլևս չե՛նք հանդուրժում» հստակ ուղերձով։ Տեսանյութում նա կոտրում է երևույթի վերաբերյալ հանրային կարծրատիպերը՝ շեշտելով, որ բռնությունը ոչ թե սովորական ընտանեկան վեճ է կամ սոցիալական դժվարությունների հետևանք, այլ դիմացինի նկատմամբ իշխանություն և վերահսկողություն հաստատելու գիտակցված վարքագիծ, որը հասարակությունը պետք է նախ ճանաչի որպես արատ, ապա՝ արմատախիլ անի:

«Սիրելի՛ կանայք, այլևս չե՛նք հանդուրժում:

Ընտանեկան բռնության դեմ պայքարում ինձ են միացել մեծ թվով պրոֆեսիոնալ կանայք, ովքեր տրամադրում են արժեքավոր նյութեր երևույթի մասին մեր ճանաչողությունը մեծացնելու նպատակով: Մասնավորապես, Անի Կոջոյանը մեզ համար մշակել է ընտանեկան բռնության շրջանակը: Անի Կոջոյանը Երևանի պետական համալսարանի դասախոս է, կանանց իրավունքների ուսումնասիրության մասնագետ, իրավապաշտպանության և կրթության հարցերով փորձագետ:
Ընտանեկան բռնությունը Եվրոպայի խորհրդի, ՄԱԿ-ի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից գնահատվում է որպես մարդու իրավունքների ամենատարածված խախտումներից մեկը և հանրային առողջապահության կարևորագույն խնդիր:
Ընտանեկան բռնության ցանկացած ձև՝ ֆիզիկական, հոգեբանական, սեռական կամ տնտեսական, խախտում է և ոտնահարում անձի արժանապատվությունը, անվտանգությունը, ազատ կամ արտահայտման, անձնական անձեռնմխելիության և կյանքի իրավունքները:
Ընտանեկան բռնության հիմքում ընկած են ոչ թե զայրույթը, ընտանեկան վեճը կամ հավասար երկու կողմերի միջև վիճաբանությունը, այլ մեկ անձի կողմից մյուսի նկատմամբ ուժի, իշխանության և հարկադիր վերահսկողության հաստատման և պահպանման ձգտումը:
Բռնությունը կապված չէ բռնություն գործադրող անձի, ինչպես նաև բռնության ենթարկված անձի կրթության, մասնագիտության, սոցիալական կարգավիճակի, եկամտի կամ հանրային հեղինակության հետ: Բռնությունը վարք է՝ բռնություն գործադրող անձի վարք:
Ընտանեկան բռնության բնորոշ առանձնահատկություններից է դրա ցիկլային բնույթը: Ժամանակի ընթացքում բռնության դրսևորումները դառնում են ավելի հաճախակի և ավելի ինտենսիվ, ինչպես նաև ավելի դաժան: Միաժամանակ, ընտանեկան բռնությունը հաճախ թաքնված երևույթ է: Այն երբեմն չի բարձրաձայնվում՝ պայմանավորված բռնության ենթարկված անձի վախով, կախվածությամբ, ամոթի կամ մեղքի զգացումով, հասարակական կարծիքով և, որ ամենակարևորն է՝ հետագա բռնությունից խուսափելու ցանկությամբ:
Այսպիսով արձանագրենք՝ բռնությունը վարք է: Բռնության նպատակը տուժողի նկատմամբ ուժի, իշխանության և հարկադիր վերահսկողության հաստատումն ու պահպանումն է: Բռնության հիմքում անհավասար հարաբերություններն են, այլ ոչ թե զույգի միջև սովորական կոնֆլիկտը: Սովորական կոնֆլիկտները ընտանեկան բռնություն չեն:
Ալկոհոլի օգտագործումը, աղքատությունը, գործազրկությունը կամ այլ սոցիալ-տնտեսական դժվարություններ կարող են նպաստող գործոններ լինել, սակայն չեն հանդիսանում բռնության պատճառ և չեն արդարացնում այն: Եվ, վերջապես, բռնություն գործադրող անձը կարող է հասարակական կյանքում ունենալ ընդունելի, նույնիսկ հարգված վարքագիծ, մինչդեռ ընտանիքում դրսևորել բռնի, հարկադիր, վերահսկող վարք:

Սիրելի՛ կանայք, նկարագրված եզրույթները ոչ միայն խորթ չեն մեզ, այլև մեր ընտանեկան փոխհարաբերությունների ֆունդամենտն են: Ի՞նչ պետք է անենք. պետք է նախ երևույթը ճանաչենք որպես արատ, ապա՝ ոչնչացնենք»,- եզրափակել է նա։

Ավելի վաղ Աննա Հակոբյանը հանդիպման էր հրավիրել Ազգային ժողովի երկու ընդդիմադիր խմբակցությունների՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների ղեկավարներին:

«Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու և ընտանեկան բռնությունը որպես առանձին հանցագործություն ճանաչելու գործընթացին հրավիրում եմ միանալ նաև ընդդիմադիր կին պատգամավորներին։ Բնականաբար, իմ այս առաջարկը պետք է քննարկվի  ընդդիմադիր երկու խմբակցությունների ղեկավարների հետ, ուստի հանդիպման եմ հրավիրում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին և «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանին»,- հայտնել էր վարչապետի տիկինը։

Ավելի վաղ Աննա Հակոբյանը ընտանեկան բռնության դեմ պայքարին նվիրված տեսաուղերձ էր հղել՝ ներկայացնելով խնդրի լուծմանն ուղղված իր մոտեցումն ու առաջիկա քայլերը։

Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը և «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը մերժել էին վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկը։

Related posts

Հուսով եմ «իԳործ» ծրագիրը վերադարձի ավելի գործնական, հուսալի մեխանիզմ կդառնա. վարչապետ

Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

Ներգաղթի գործընթացը լինելու է ինստիտուցիոնալ․ Փաշինյանը՝ «իԳործ»-ի մասնակիցներին