Բուսայուղի մասին սոցիալական հարթակներում տարածվող տեսանյութի պնդումներն անհիմն են. ՍԱՏՄ

Բուսայուղի մասին սոցիալական հարթակներում տարածվող տեսանյութի պնդումներն անհիմն են: Այդ մասին հայտարարություն է տարածել ՍԱՏՄ-ն:

Հաղորդագրության մեջ նշված է. «Վերջերս սոցիալական հարթակներում տարածվել է Ռուսաստանի Դաշնությունում արված մի տեսանյութ այն մասին, թե իբր՝ ձեթի վրա առկա «рафинированное, дезодорированное» բառը վկայում է դրա անորակ, վտանգավոր լինելու մասին: Ավելին, եթե շշի վրա գրված է «дезодорированное», ապա այն մշակված է նավթամթերքով՝ հեքսանով։

Տեսչական մարմնի թեժ գծին ահազանգած քաղաքացիների և հասարակության անհանգստությունները փարատելու համար տեղեկացնենք, որ բուսայուղը ստացվում է երկու եղանակով՝ մեխանիկական մզվածքի և լուծահանման:

Առավել մեծ արդյունաբերական քանակների համար կիրառվող լուծահանման մեթոդն իրականացվում է վակուումի պայմաններում՝ հատուկ լուծահանման աշտարակներում:

Այնուհետև լուծահանված բուսական յուղը մաքրվում է ռաֆինացման միջոցով: Ռաֆինացման երեք փուլից մեկը դեզոդորացիան է, որով արտադրողներն ազատվում են տհաճ համ և հոտ հաղորդող նյութերից:

Լուծահանումը հնարավոր է կատարել նավթամթերք հանդիսացող «հեքսանի» միջոցով, սակայն, եթե նույնիսկ այն օգտագործվում է, ապա այնքան չնչին քանակություններով և այնքան հազվադեպ, որ նույնիսկ Մաքսային Միության ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգով այդ նյութի նորմավորում չի նախատեսվել:

Այսպիսով, բազմափուլ մաքրման պրոցեսներ անցած բուսական յուղերի պիտակների վրա նշվող ռաֆինացված կամ դեզոդորացված մակնշումը փաստում է միայն տվյալ բուսական յուղի մաքրման աստիճանի մասին և մարդու առողջության համար վտանգավոր չէ:

Այսպիսի դեպքերում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողության գործիքներն են սննդամթերքի անվտանգությունը հավաստող փաստաթղթերը և լաբորատոր ուսումնասիրությունների արդյունքները: Այդ արդյունքները համեմատվում են իրավական փաստաթղթով (տվյալ դեպքում՝ Մաքսային Միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 883 որոշմամբ հաստատված «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ»-ով (ՄՄ ՏԿ 024/2011)) սահմանված վնասակար նյութերի նորմերի հետ (սահմանված չլինելը ենթադրում է լաբորատոր փորձի անհրաժեշտության բացակայություն): Հետևաբար մենք պատրաստ ենք բոլոր դեպքերում ոչ միայն փաստաթղթային, այլև լաբորատոր փորձաքննություններով հավաստիանալ, որ սննդամթերքն անվտանգ է, եթե դրա նորմավորումը կանոնակարգված է։

Իսկ ինչ վերաբերում է փաստաթղթային ստուգումներին, ապա եթե բուսայուղը բերվում է ԵԱՏՄ անդամ որևէ երկրից և ունի անվտանգությունը հավաստող ուղեկցող փաստաթղթեր, այն ներմուծվում է երկիր: Իսկ եթե բերվում է երրորդ երկրից, ապա Հայաստանում պետք է դիմել հայտարարագրման մարմիններին և ստանալ համապատասխանության վկայական (ստուգվում է մակնշումը, ենթարկվում է լաբորատոր փորձաքննության, տրվում է համապատասխանության հավաստագիր, EAC պիտակը), ինչն էլ ստուգում է Տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումների ժամանակ:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ուսումնասիրում է ստացված ԲՈԼՈՐ ահազանգերը, և, ինչպես այս դեպքում, վերցնում նախնական վերահսկողության: ԻՐԱԿԱՆ վտանգի կասկածի դեպքում իրականացվում են օրենսդրությամբ վերապահված համապատասխան գործողություններ։ Տվյալ դեպքում տեսանյութի պնդումը հիմնավորված չէ:

Տեսչական մարմինը հորդորում է սպառողներին՝ լինել առավելագույնս պահանջատեր և դիմել մեզ ցանկացած խախտում, անհամապատասխանություն նկատելու դեպքում, քանի որ բոլոր ահազանգերը օգնում են վերահսկողական միջոցառումներն իրականացնել ավելի թիրախային ու արդյունավետ՝ նպաստելով մեր հասարակության համար որակյալ և անվտանգ սննդամթերքի մատակարարմանը»:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան