Բագրատ Գալստանյանը կալանավորվեց 2 ամիս ժամկետով

«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանը կալանավորվեց 2 ամիս ժամկետով։ Նրան մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն նախապատրաստելու, զանգվածային անկարգություններ հրահրելու հոդվածներով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին մեղադրանք է ներկայացվել:

Հիշեցնենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որի արդյունքում խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ՝ իր մտահոգությունն արտահայտելով Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և իր համախոհների նկատմամբ այսօր իրավապահ մարմինների ձեռնարկած գործողությունների և նրանց մեղսագրվող ծանր մեղադրանքների կապակցությամբ։ Խորհուրդը դատապարտել է այս գործընթացը Եկեղեցու հետ կապակցելու փորձերը, հորդորել պատկան մարմիններին «չտրվել քաղաքական շահարկումներին», առաջնորդվել ՀՀ Սահմանադրության և օրենքների պահանջներով՝ հարգելով անմեղության կանխավարկածի սկզբունքը։

Հիշեցնենք՝ քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել 16 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։

ՔԿ-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ հանցավոր խմբի ղեկավարների և մասնակիցների բնակարաններում խուզարկությամբ հայտնաբերվել են հանցագործության համար նախատեսված մեծաքանակ առարկաներ և իրեր, ձերբակալվել է 14 անձ, այդ թվում՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

Ավելի վաղ վարչապետը գրել էր, որ իրավապահները կանխել են Հայաստանի Հանրապետությունը ապակայունացնելու և իշխանությունը բռնազավթելու «քրեաօլիգարխիակղերական» խոշոր ու եղկելի պլանը։ Վարչապետը հրապարակել էր Քննչական կոմիտեի հաղորդագրությունը:

ՔԿ-ն, ի լրումն տարածված հաղորդագրության՝ ներկայացրել է «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ձայնագրությունները։

Նախօրեին վարչապետը ֆեյսբուքյան էջում տեղադրել էր Civic.am կայքի՝ «Ընդդիմության հեղաշրջման պլանը» վերնագրով հրապարակումը և գրել.

«Այս պրոցեսը պատմության մեջ կմնա որպես «ստահակների ձախողված հեղաշրջում»:

Հրապարակման մեջ նշված է, որ հեղաշրջման պլանը հասանելի է դարձել ընդդիմության վստահելի աղբյուրներից: Այն, ըստ էության, գործողությունների փուլային ծրագիր է, որում մանրամասն շարադրված են թիրախային քայլերը, գործիքները, դերակատարները: Հեղաշրջման պլանում ներգրավված են գրեթե բոլոր սեգմենտները՝ Եկեղեցուց մինչև հայտնի տիկտոկերներ:

Երեկ՝ ուշ երեկոյան, «Սրբազան պայքար»-ի մի շարք մասնակիցներ կալանավորվեցին։

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել