Արցախի նախագահն Արմեն Կնյազյանին հետմահու պարգևատրել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմամբ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել է Արմեն Արտավազդի Կնյազյանին «Արցախի հերոս» բարձրագույն կոչմամբ հետմահու պարգևատրելու մասին: Նրա նվիրումի մասին Արայիկ Հարությունյանը պատմել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արված գրառմամբ՝ ընդգծելով, որ հայրենիքն իր քաջազուն զավակների սխրանքը գնահատել գիտի:

«Իսպանիայում հաստատված և գործարար կյանքում շոշափելի հաջողությունների հասած Արմեն Կնյազյանի մասին մի անգամ արդեն խոսելու առիթ եմ ունեցել: Ամիսներ առաջ էինք հանդիպել, զրուցել, ծրագրեր նախանշել: Իսկ պատերազմից օրեր առաջ Հայրենիքում էր. Արցախն այլևս սպասում էր նրա ստեղծարար ջանքերին ու ներդրումներին…

Արմենի հետ ծանոթացել էի 2016թ-ի քառօրյա պատերազմի օրերին: Ժպիտով պատմում էր, որ պայքարի լուրն առել է կնոջ ծննդյան օրը և, շնորհավորելու փոխարեն, ինքնաթիռի տոմս գնել` շտապելով պաշտպանել հող հայրենին: Արմենն այս անգամ էլ նույն կերպ վարվեց. Արցախից վերադառնալուց ժամեր անց նա կրկին հայրենի հողում էր` իր բաժին Հայրենիքը պաշտպանելու նպատակով: Հերոս հայորդու անմնացորդ պայքարը, ցավոք, ընդհատվեց թշնամու դավադիր գնդակից…

Արմե՛ն, իմ սիրելի՛ ընկեր, դու քո պայքարով, Հայրենիքն իրավամբ սիրելու քո օրինակով խորհրդանիշ դարձար: Դու հայի այն տեսակն ես, որ մինչև վերջ արմատներին հավատարիմ մնաց, չկտրվեց, չչորացավ, հավերժացավ…

Հայրենիքն իր քաջազուն զավակների սխրանքը գնահատել գիտի: Արմեն Արտավազդի Կնյազյանը պարգևատրվում է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմամբ:

Հոգիդ լույսերի մեջ լինի, ընկե՛ր: Կիսում եմ ընտանիքիդ ու հարազատներիդ կորստի ցավը»,- նշում է Հարությունյանը:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան