Արցախի նախագահն Արմեն Կնյազյանին հետմահու պարգևատրել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմամբ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել է Արմեն Արտավազդի Կնյազյանին «Արցախի հերոս» բարձրագույն կոչմամբ հետմահու պարգևատրելու մասին: Նրա նվիրումի մասին Արայիկ Հարությունյանը պատմել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արված գրառմամբ՝ ընդգծելով, որ հայրենիքն իր քաջազուն զավակների սխրանքը գնահատել գիտի:

«Իսպանիայում հաստատված և գործարար կյանքում շոշափելի հաջողությունների հասած Արմեն Կնյազյանի մասին մի անգամ արդեն խոսելու առիթ եմ ունեցել: Ամիսներ առաջ էինք հանդիպել, զրուցել, ծրագրեր նախանշել: Իսկ պատերազմից օրեր առաջ Հայրենիքում էր. Արցախն այլևս սպասում էր նրա ստեղծարար ջանքերին ու ներդրումներին…

Արմենի հետ ծանոթացել էի 2016թ-ի քառօրյա պատերազմի օրերին: Ժպիտով պատմում էր, որ պայքարի լուրն առել է կնոջ ծննդյան օրը և, շնորհավորելու փոխարեն, ինքնաթիռի տոմս գնել` շտապելով պաշտպանել հող հայրենին: Արմենն այս անգամ էլ նույն կերպ վարվեց. Արցախից վերադառնալուց ժամեր անց նա կրկին հայրենի հողում էր` իր բաժին Հայրենիքը պաշտպանելու նպատակով: Հերոս հայորդու անմնացորդ պայքարը, ցավոք, ընդհատվեց թշնամու դավադիր գնդակից…

Արմե՛ն, իմ սիրելի՛ ընկեր, դու քո պայքարով, Հայրենիքն իրավամբ սիրելու քո օրինակով խորհրդանիշ դարձար: Դու հայի այն տեսակն ես, որ մինչև վերջ արմատներին հավատարիմ մնաց, չկտրվեց, չչորացավ, հավերժացավ…

Հայրենիքն իր քաջազուն զավակների սխրանքը գնահատել գիտի: Արմեն Արտավազդի Կնյազյանը պարգևատրվում է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմամբ:

Հոգիդ լույսերի մեջ լինի, ընկե՛ր: Կիսում եմ ընտանիքիդ ու հարազատներիդ կորստի ցավը»,- նշում է Հարությունյանը:

Related posts

Մեծարելով Մհեր Մկրտչյանի հիշատակը. այսօր դերասանի 95-ամյակն է

Անհիմն են ռազմական հեղաշրջման վերաբերյալ հրապարակված խոսակցությունները մոնտաժելու, համատեքստից կտրված ներկայացնելու վերաբերյալ որոշ ԶԼՄ-ների պնդումները. ՔԿ

Կրթվելը նորաձեւ է Հանրապետության հրապարակում․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել