Արսեն Ջուլֆալակյանը հայտարարել է մարզիկի պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը հայտարարել է մարզիկի պրոֆեսիոնալ կարիերայի ավարտի մասին: Ջուլֆալակյանն այդ մասին գրառում է արել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Ցանկացած լավ բան մի օր ավարտվում է:

Պաշտոնապես հայտարարում եմ մարզիկի պրոֆեսիոնալ կարիերայիս ավարտի մասին:

23 տարի, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնի,Աշխարհի գավաթակրի,Օլիմպիական փոխչեմպիոնի նվաճված տիտղոսներ, աննկարագրելի զգացողություններ, անթիվ-անհամար հիշողություններ…

Երջանիկ եմ, որ հնարավորություն եմ ունեցել բարձր պահել Հայաստանի Հանրապետության պատիվը համաշխարհային ամենահեղինակավոր մրցաշարերում, հնչեցնել Հայոց Հիմնը և պարգևել ուրախության և հաղթանակի ակնթարթներ հազարավոր մեր հայրենակիցներին աշխարհով մեկ: Այդ զգացումն ուղղակի անկրկնելի է:

Իրականում շատ երկար կարելի է արտահայտվել, բայց կբավարարվեմ միայն շնորհակալական խոսքով, իսկ ավելի ծավալուն կխոսեմ մամլո ասուլիսի և հարցազրույցների ձևաչափով:

Առաջին հերթին շնորհակալ եմ ընտանիքիս և այն մարզիչներիս, ովքեր անշահախնդիր և իրապես նվիրվեցին այս ծանր գործին:

Ձեր շնորհիվ միայն հնարավոր եղան այս մեծ նվաճումները:

Շնորհակալ եմ ընկերներիս,ովքեր անկախ իրավիճակից, երբեք չլքեցին ինձ: Իհարկե, այդ շրջանակը լրջագույն ֆիլտրացիայի ենթարկվեց:

Շնորհակալ եմ գերմանական KSV Aalen 05 և ֆրանսիական C.P. Besançon ակումբներին,որոնցում ընդհանուր առմամբ 9 տարի հանդես եկա: Թերագնահատել նրանց ներդրումը հաղթանակներիս և կայացմանս մեջ ուղղակի անհնար է: Եվ որ էլ ավելի կարևոր է, ձևավորվեցին շատ ջերմ, ընկերական հարաբերություններ և միջազգային կապեր:

Շնորհակալություն Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային, ՀԱՕԿ-ին և երջանկահիշատակ սպորտի նախարարությանը՝ աջակցելու և գնահատելու համար արված աշխատանքը:

Շնորհակալ եմ բոլորին, ովքեր ուրախացել և տխրել են իմ հաղթանակներով և պարտություններով:

Հպանցիկ նշեմ նաև չարախոսներին և վատաբանողներին: Կեցցե՛ք, ձեր քայլերով և ձեր առողջության հաշվին մոտիվացրեցիք ինձ և տվեցիք այն սպորտային ագրեսիան,որը երբեմն կարող էր պակասել: Շարունակե՛ք նույն ոճով:

Եվ իհարկե, շնորհակալություն սպորտային անաչառ լրագրողներին, ովքեր այդ ամենը լուսաբանեցին»-գրել է Ջուլֆալակյանը:

Նա նաև հանրագումարի է բերել իր նվաճումներըէ՝է պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում:

Օլիմպիական 3 խաղերի ուղեգրերի նվաճում(Պեկին, Լոնդոն, Ռիո):

Լոնդոն 2012-ի արծաթե մեդալ

Աշխարհի առաջնությունների 4 մեդալ՝ ոսկի, արծաթ, 2 բրոնզ

Եվրոպայի առաջնությունների 4 մեդալ՝ ոսկի, արծաթ, 2 բրոնզ

Աշխարհի գավաթի ոսկե և բրոնզե մեդալ

Ունիվերսիադայի բրոնզե մեդալ

Երիտասարդների աշխարհի չեմպիոն

Երիտասարդների Եվրոպայի առաջնությունների արծաթ և բրոնզ

Պատանիների Եվրոպայի առաջնությունների կրկնակի չեմպիոն

Հայրենիքին մատուցած ծառայությունների 1-ին և 2-րդ աստիճանի մեդալ

ԵՊՀ Ոսկե մեդալ

ՀՀ 2012թ լավագույն մարզիկ

Սպորտի վաստակավոր վարպետ

Ջուլֆալակյանը հավելել է, որ լրացուցիչ տեղյակ կպահի իր մամուլի ասուլիսի մասին:

Ահա և վերջ…
Ցանկացած լավ բան մի օր ավարտվում է:

Պաշտոնապես հայտարարում եմ մարզիկի պրոֆեսիոնալ կարիերայիս ավարտի…

Опубликовано Arsen Julfalakyan Воскресенье, 11 июля 2021 г.

Related posts

Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ փոքր երկրների Եվրոպայի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր

«Յունիսպորտը»՝ ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն

Արթուր Ալեքսանյանի անվան մանկապատանեկան դպրոցը Գյումրին իսկապես կդարձնի սպորտի կենտրոն. Ժաննա Անդրեասյան