Արմեն Սարգսյանի վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է ԱԱԾ

Դատախազությունը Արմեն Սարգսյանի՝ մինչև նախագահ դառնալը այլ երկրի քաղաքացի լինելու մասին «Հետքի» հրապարակումն ուղարկել է Ազգային անվտանգության ծառայություն:

Տեղեկությունը «Լուրերին» փոխանցել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Ըստ նրա՝ հրապարակումն ԱԱԾ է փոխանցվել՝ նկատի ունենալով, որ Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու դեպքի առթիվ դեռևս 2021 թ. ապրիլին հարուցվել է քրեական գործ՝ փաստաթղթեր կեղծելու հատկանիշներով: Հրապարակումը հենց այս գործի շրջանակում կդառնա ստուգման առարկա:

«Հետք» պարբերականը, հղում անելով Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության լուսաբանման նախագծին, երեկ հետաքննություն էր հրապարակել, որի համաձայն՝ Արմեն Սարգսյանը Հայաստանի քաղաքացի լինելուց բացի, նաև այլ երկրի քաղաքացի էր առնվազն մինչև նախագահ դառնալը:

Ըստ կայքի՝ Սարգսյանը Կարիբյան ծովում գտնվող փոքր երկրի՝ Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի է եղել:

«Հետքի» տեղեկության համաձայն՝ նախագահն ուներ Սենթ Քիթս և Նևիսի անձնագիր, ինչը հաստատվել է Սարգսյանի հետ նամակագրության ընթացքում: Սահմանադրության համաձայն՝ Հանրապետության նախագահին ներկայացվող պահանջներից է վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելն ու վերջին վեց տարում Հայաստանում մշտապես բնակվելը:

Related posts

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ԱՄՆ ներգաղթի հարցերով ծառայության գործողությունների պատճառով

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին