Արհեստական բանականության ապագան չափազանց գրավիչ է, սակայն կարևոր է հաշվի առնել էթիկական հետևանքները. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չափազանց գրավիչ է համարում արհեստական բանականության ապագան՝ կարևորելով, սակայն, որ հաշվի առնվեն էթիկական հետևանքները և ապահովվի արհեստական բանականության՝ օգտակար ու պատասխանատու կերպով մշակումն ու օգտագործումը:

Այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական կոնգրեսին իր ելույթում:

Փաշինյանի գնահատմամբ՝ համաշխարհային մակարդակով հավասար տնտեսական մրցակցության ապահովման առանցքային բաղադրիչը առաջադեմ թվային գործիքների և տեխնոլոգիաների արդյունավետ զարգացումն է։ Ըստ նրա՝ արհեստական բանականությունն արագ զարգացող ոլորտ է, որը կարող է փոխել մարդկային կյանքի շատ ոլորտներ:

«Ըստ փորձագետների կանխատեսման՝ ապագայում արհեստական բանականության ալգորիթմները կդառնան ավելի անհատականացված՝ թույլ տալով անհատական նախապատվությունների հիման վրա կարգավորել փորձը և ծառայությունները, ինչպես նաև՝ արհեստական բանականությունը կդառնա ավելի ու ավելի առաջադեմ և ավելի ինտեգրված հասարակության մեջ: Ընդհանուր առմամբ, արհեստական բանականության ապագան չափազանց գրավիչ է, սակայն կարևոր է հաշվի առնել էթիկական հետևանքները և ապահովել, որ արհեստական բանականությունը մշակվի և օգտագործվի պատասխանատու և օգտակար կերպով»,-ասաց վարչապետը:

Նա միևնույն ժամանակ կարևորեց չմոռանալ, որ նորարարություններն առաջին հերթին դրանք ստեղծող մարդիկ են, նրանց ստեղծագործական էներգիան և կամքը: Ուստի մեծ նշանակություն ունի մարդկային ներուժի զարգացումը։

«Մենք կարող ենք անվերջ բանավիճել «Ապագայի Եվրասիան» թեմայով, որը շատ հետաքրքիր և բազմակողմանի է, բայց ընդհանուր առմամբ, Եվրասիայի ապագան, ամենայն հավանականությամբ, որոշվելու է տնտեսական և տեխնոլոգիական միտումների համադրությամբ, և մեր հաջողությունը կախված կլինի այս մարտահրավերներում ու հնարավորություններում կողմնորոշվելու մեր կարողությունից»,-նշեց վարչապետը:

Ըստ նրա՝ փոխադարձ շահերի ըմբռնումը և փոխզիջումների գնալու պատրաստակամությունը, համագործակցության և երկխոսության նպատակաուղղվածությունը եվրասիական տարածաշրջանի բնորոշ հատկանիշներն են և ապագայում կարող են դառնալ բազմաթիվ հարցերի լուծման բանալին։

Related posts

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Նիկոլ Փաշինյան

Տաքսիում թողած պայուսակում հայտնաբերվել են մարտական նռնակ, անձնագիր, բանկային ու սոցիալական քարտեր

Որ քաղաքներում է մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան