Արթուր Ղազինյանը 10-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալ

«Հայաստան» խմբակցությունը 10-րդ անգամ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական  հանձնաժողովի նախագահի տեղակալ առաջադրեց Արթուր Ղազինյանին։

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ներկա չէ նիստին, բայց, այնուամենայնիվ, իր հարցը հնչեցրեց․

«Պարո՛ն Օհանյան, սա ձե՞ր առաջարկն է, թե՞ Ռոբերտ Քոչարյանի, որովհետև այս շրջապտույտն արդեն տրամաբանությունից դուրս է։ Դուք ինքներդ էլ հասկանում եք, որ մենք սրա օրենսդրական կարգավորումը պետք է տանք։ Որպեսզի երեքշաբթի օրերը չդառնան ղազինյանական օրեր, ձեզանից կախված քայլ արեք կամ եկեք, գոնե դուք ներկայացրեք ձեր թեկնածուին։ Հարգե՛ք «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքը»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանի խոսքով՝ «Հայաստան» խմբակցության նմանօրինակ վերաբերմունքը իրավունքի չարաշահում է:

ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը նկատեց՝ «այսպես կոչված» հոբելյանական՝ տասներորդ ընտրությանը նախագահի տեղակալի թեկնածու Արթուր Ղազինյանը գոնե պետք է ներկա լիներ:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները տասներորդ անգամ միաձայն դեմ քվեարկեցին Ղազինյանի թեկնածությանը:

Դոնթի բանաձևի համաձայն՝ ընդդիմադիր խմբակցությունը 5-օրյա ժամկետում պետք է ներկայացնի նոր թեկնածուին:

Related posts

ՊԵԿ նախագահը՝ շրջհարկի փոփոխությունների առնչությամբ քաղաքացիների դժգոհությունների մասին

Լոս Անջելեսում միգրացիոն քաղաքականության դեմ անցկացվող բողոքի ցույցերը վերաճել են լարված բախումների

Պաշտոնատար անձի ուղղորդմամբ քաղաքացին սուտ ցուցմունք է տվել. քրեական վարույթի նյութերը դատարանում են