Արարատ Միրզոյանն ու Խերտ Յան Կուպմանն անդրադարձել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցերի


Փետրվարի 12-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կուպմանի հետ:

ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի նիստին ընդառաջ անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի, մասնավորապես ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների արդյունավետ կիրարկմանն ու ՀՀ-ԵՄ փոխգործակցության խորացման հեռանկարներին։ Վերջինիս համատեքստում գոհունակությամբ նշվել է ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության և Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրինությունների համատեղ պատվիրակության այցը Հայաստան նախորդ տարվա դեկտեմբերին, մտքեր են փոխանակվել Հայաստանի տնտեսական դիմակայունության բարձրացմանն ուղղված քայլերի շուրջ։

ՀՀ ԱԳ նախարարը և գլխավոր տնօրենը քննարկել են նաև տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային ծրագրերին ՀՀ մասնակցության հարցեր, ինչպես նաև դիտարկել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի հետագա առաջմղման հնարավորությունները։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցերի և հարատև կայունության ապահովման ուղղությամբ առկա մարտահրավերներին։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայ բնակչության միջնաժամկետ ու երկարաժամկետ կտրվածքով կարիքները հասցեագրելուն ուղղված ջանքերի շուրջ:

Related posts

ՀԷՑ-ը պահանջել է հերքել ընտրությունների օրը ընտրատեղամասերում «հոսանքազրկումների» մասին հրապարակումները

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ուղերձը՝ Դատախազության աշխատողի օրվա և Դատախազության հիմնադրման 108-ամյակի կապակցությամբ

Կարևոր է, որ ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունքների սահմանափակման նախագծերի առնչությամբ իրականացվեն հանրային քննարկումներ շահագրգիռ դերակատարների մասնակցությամբ․ ՄԻՊ