Արարատ Միրզոյանը և դեսպան Սոբհանին քննարկել են Հայաստան-Իրան ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:
Նախարար Միրզոյանն ընդգծել է՝ չնայած, որ դեսպան Սոբհանին պաշտոնավարել է բավական բարդ ժամանակահատվածում, այդուհանդերձ այս ընթացքում երկու երկրներին հաջողվել է ոչ միայն հաղթահարել դժվարությունները, այլև երկկողմ հարաբերություններում գրանցել շոշափելի արդյունքներ: Այս համատեքստում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված ընթացիկ ու հետագա աշխատանքները, որոնք ներառում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներ՝ ենթակառուցվածքներ, էներգետիկա և այլն:
Երկուստեք ընդգծվել է, որ Հայաստան-Իրան համագործակցությունը հիմնված է երկու ժողովուրդների միջև բարեկամության, տարածաշրջանային խաղաղության համար կարևոր սկզբունքների անվերապահ հարգման և առանցքային հարցերում ձևավորված փոխըմբռնման վրա։
Հայաստանի և Իրանի միջև փոխգործակցության խորացման, ինչպես նաև հայ-իրանական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար նախարար Միրզոյանը դեսպան Մեհդի Սոբհանիին հանձնել է ՀՀ նախագահի հրամանագրով նրան շնորհված Բարեկամության շքանշանը՝ հաջողություն մաղթելով հետագա գործունեության մեջ:

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից