Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի արտահերթ նիստ

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի արտահերթ նիստը:

Շարունակվել է նախորդ նիստի օրակարգի շրջանակում արծարծված թեմաների քննարկումը: Մասնավորապես՝ քննարկումների արդյունքում խորհրդի անդամները հաստատել են խորհրդի գործող աշխատակարգում կատարված փոփոխությունները: Քննարկվել և հաստատվել է Հայաստանի պետական բյուջեով ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպություններին պետական աջակցության բաշխման մասին ս.թ. մարտի 5-ի խորհրդի որոշմամբ համատեղ ծրագրերի համար հատկացված գումարով միջոցառում կազմակերպելու հարցը: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը հանձնարարել է հաջորդ նիստի ընթացքում միջոցառման անցկացման վերաբերյալ ներկայացնել առաջարկներ, որոնք միտված կլինեն այն ավելի հետաքրքիր և արդյունավետ դարձնելուն:

Օրակարգի հարցերի շրջանակում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ, խորհրդի անդամ Վաչե Տերտերյանը զեկուցել է պետական բյուջեից ազգային փոքրամասնությունների համայնքներին 2024 թվականին հատկացվող ֆինանսական միջոցների և իրականացվող սոցիալ-տնտեսական ծրագրերի մասին: Մասնավորապես՝ նշվել է, որ համայնքների խոշորացման ծրագրին չմասնակցած համայնքներն արդեն իսկ 2021 թվականից մասնակցել են սուբվենցիոն ծրագրերին: 2021 թվականին իրականացվել է 6 ծրագիր, 2022 թվականին՝ 7 ծրագիր, 2023 թվականին՝ 9 ծրագիր, 2024 թվականին 8 ծրագրի հայտ է ներկայացվել: Ընդգծվել է, որ «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու արդյունքում 2024 թվականի պետական բյուջեով բոլոր այս համայնքներին, որոնք չեն մասնակցել խոշորացմանը և ունեն փոքրաթիվ բնակչություն, դոտացիան ամրագրվել է 50 մլն դրամ: Նշվել է, որ 2024 թվականին նախատեսված ծրագրերից բացի, կա ևս 3 խոշոր ծրագիր, որոնց նախապատրաստական աշխատանքները, Վարչապետի հանձնարարությամբ, առանձին որոշումներով մեկնարկել են: Ըստ այդմ՝ նախագծման աշխատանքներ են իրականացվում Արմավիրի մարզի Ֆերիկ եզդիաբնակ համայնքի և մարզի այլ համայնքների հետ հաղորդակցություն ապահովող 3 կմ ճանապարհահատվածի շինաշխատանքների համար, որի արժեքը կկազմի շուրջ 150 մլն դրամ, Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնքի Օթևան բնակավայրի միջհամայնքային ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների համար, որի արժեքը կկազմի շուրջ 100 մլն դրամ և Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների համար, որի արժեքը կկազմի շուրջ 400 մլն դրամ: Ընդհանուր առմամբ՝ շուրջ 1.8 մլրդ դրամի ծրագիր է իրականացվել 2021-2024 թվականներին, որից 914 մլն եղել է պետական բյուջեի համաֆինանսավորումը, 585 մլն համայնքային համաֆինանսավորումն է, ներգրավվել են նաև այլ միջոցներ:

Արայիկ Հարությունյանը կարևորել է նման զեկույցների պարբերաբար ներկայացումը, որոնք ամփոփում են ազգային փոքրամասնություններով համայնքներում և խոշորացված համայնքներում ազգային փոքրամասնություններով բնակավայրերում իրականացվող ծրագրերը:

Նիստի ընթացքում քննարկվել են նաև խորհրդի անդամների կողմից բարձրացված այլ հարցեր: Արայիկ Հարությունյանն առաջարկել է հրատապ հարցեր լինելու դեպքում դրանք ներկայացնել համապատասխան ստորաբաժանում, և հաջորդ նիստերին դրանք, ըստ առաջնահերթության, կներառվեն օրակարգում և կքննարկվեն:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ