Անչափահաս աղջկա տեսողության սրության խնդիրը որևէ պատճառահետևանքային կապ չունի պատվաստման հետ. ԱՆ

Սոցիալական ցանցերում և տարբեր լրատվամիջոցներով ակտիվորեն տարածվում է «Երևանում գարդասիլի պատվաստումից հետո անչափահաս աղջիկ է կուրացել» վերտառությամբ նյութը, որն ամբողջովին ապատեղեկատվություն է, չունի որևէ բժշկական հիմնավորում, ավելին` դեռահասի մոտ չկա կուրություն, ասված է Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

«Տեղեկացնում ենք, որ 2003 թվականին ծնված աղջիկը սեպտեմբերի 8-ին «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում ստացել է մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստման 3-րդ դեղաչափը: Հաջորդ օրը երեխայի մայրը բժշկին տեղեկացրել է, որ երեխան գանգատվում է տեսողության խանգարումից, սակայն պոլիկլինիկա չեն ներկայացել՝ պատճառաբանելով, որ երեխան աշխատանքի է: Այնուհետև, բժշկի հորդորով`սեպտեմբերի 14-ին երեխան այցելել է պոլիկլինիկա, որտեղ զննության է ենթարկվել նյարդաբանի և ակնաբույժի կողմից, ուղեգրվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Երեխան սեպտեմբերի 14-ին «տեսողական նյարդի նևրիտ» նախնական ախտորոշմամբ հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, որտեղ իրականացվել են մի շարք լաբորատոր-գործիքային հետազոտություններ, այդ թվում «MRT 3T» հետազոտություն, ինչպես նաև կազմակերպվել են նեղ մասնագետների խորհրդատվություններ: Արդյունքում երեխայի մոտ հերքվել է «տեսողական նյարդի նևրիտը»: Ակնաբույժի կողմից հայտնաբերվել է տեսողության սրության խնդիր, որը նյարդաբանական ծագում չունի և կարող է ուղղվել ակնոցի միջոցով: Փաստորեն, որևէ պատճառահետևանքային կապ չկա պատվաստման հետ: Ներկայումս երեխայի վիճակը բժիշկները գնահատում են բավարար:

Եվս մեկ անգամ կոչ ենք անում չտարածել ապատեղեկատվություն և հրաժարվել հանրությանը մոլորեցնող հայտարարություններից», – ասված է ԱՆ հաղորդագրությունում:

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից