Աննա Հակոբյանը Մխչյանում այցելել է 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Տարոն Անդրեասյանի ընտանիքին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այսօր այցելել է 44-օրյա պատերազմի հերոս Տարոն Անդրեասյանի ընտանիքին:

Վարչապետի տիկնոջը դիմավորել են Տարոնի հայրը` Հարությունը, ու եղբայրը` Վահեն: Տարոն Անդրեասյանը հայտնի տեսանյութի տղան է, որտեղ նա միայնակ կանգնած է մի քանի տասնյակ ադրբեջանցիների առաջ, որոնք Տարոնին հորդորում էին գերի հանձնվել, խոստանում չվնասել ու երրորդ երկիր փոխանցել:

Սակայն Տարոնն այլ որոշում է կայացրել. պարզել է ինքնաձիգը, կրակել մինչև վերջին շունչը ու սպանվել: Տարոն Անդրեասյանը Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ 26 տարեկան էր: 5 տարուց ավելի ապրել և աշխատել է Ռուսաստանի Դաշնությունում:

Հայաստան էր վերադարձել հոկտեմբերի 5-ին՝ պատերազմը սկսվելուն պես և շտապել կամավորագրվել՝ Հայրենիքի նկատմամբ իր պարտքը կատարելու համար։ Տարոնին, իր շտապողականությանը հակառակ, միայն հոկտեմբերի 19-ին է հաջողվել համազգեստ հագնել, 2 օր անց արդեն Արցախում է եղել` դասակի հրամանատարի պաշտոնով:

Զինվորական մասնագիտությամբ հետախույզ էր:

Աննա Հակոբյանի խնդրանքով Տարոնի հայրը պատմել է որդու հետ ունեցած վերջին հեռախոսազանգի մասին։

Հարությունը տղայի հետ վերջին անգամ հոկտեմբերի 26-ին է խոսել: Տարոնն ասել է, որ շրջափակման մեջ է հայտնվել: Հորն ասած վերջին խոսքերն են եղել, որ ինքը ոչ մի պարագայում գերի չի ընկնի և ինքն իրեն կպայթեցնի։

Հարությունի ունեցած տվյալներով՝ դեպքերը Քաշունիքում են եղել (Սանասար): Տարոնի հետ ևս մեկ տղա է եղել, սակայն հակառակորդի կրակից թաքնվելու ընթացքում կորցրել են իրար: Տարոնի վաշտը նահանջել է, բայց նա որոշել է մնալ ու շարունակել իր պայքարը:

Հայրը մտածում է, որ տեսանյութը հոկտեմբերի 27-ին է նկարահանված, իրեն հասած տեղեկություններով՝ 4 ադրբեջանցու է սպանել։

Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել Տարոնի ծնողներին, որ կարողացել են նման տղա դաստիարակել, ում գործած սխրանքն անգնահատելի է։

Related posts

Պատշգամբից ընկնելու տարբերակը հերքվեց. վնասվածքը վրաերթի հետևանք էր

«իԳործ» ծրագիրն ավարտած մասնակիցների 70 տոկոսը մնացել է Հայաստանում. Զարեհ Սինանյան

Հայաստանը մեծապես կարևորում է Պորտուգալիայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումն ու խորացումը. Վահագն Խաչատուրյան