Անձնական օգտագործման նպատակով դեղեր ներմուծելու այլընտրանքային ճանապարհ` քաղաքացիների համար

Քաղաքացիներն արդեն շուրջ 6 ամիս կարողանում են անձնական օգտագործման նպատակով դեղ ներմուծել միջազգային փոստային փոխադրումներով և փոխադրողի միջոցով: ՊԵԿ-ից հայտնում են, որ 2020թ. օգոստոսի 17-ից ուժի մեջ մտած ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ` տեղափոխման համար թույլատրող փաստաթուղթ անհրաժեշտ չէ: Օգոստոսից մինչև տարեվերջ այս հնարավորությունից օգտվել է շուրջ 1500 քաղաքացի: Միայն 2021թ. հունվարին դեղ պարունակող 150 ծանրոց է ստացվել:

Նշվում է, որ նախկինում դեղերի ներմուծումը փոստային առաքանիներով առհասարակ արգելված էր: Ֆիզիկական անձինք կարող էին դեղ տեղափոխել միայն ուղեկցող ուղեբեռով: Արևմտյան մաքսատուն-վարչության պետ Գարիկ Մինասյանի գնահատմամբ` նոր հնարավորությունը մի քանի խնդիր լուծեց. «Փոփոխությունը ճիշտ ժամանակին կատարվեց, քանի որ Հայաստանում կորոնավիրուսի համավարակ էր, ճանապարհները փակ էին, և ֆիզիկական անձինք հնարավորություն ունեցան այլընտրանքային ճանապարհով ստանալու դեղորայք` սահմանված չափաքանակներով։ Բացի այդ, հնարավոր դարձավ ձեռք բերել Հայաստանում դեռ չգրանցված դեղերը»:

Օրացուցային տարվա ընթացքում թույլատրվում է ներմուծել մինչև 5 անվանում դեղ, յուրաքանչյուրից 3 սպառողական փաթեթ: Արտոնությունից կրկին օգտվելու համար կամ սահմանված քանակը գերազանցելու դեպքում քաղաքացիները պետք է դիմեն Առողջապահության նախարարություն:

Քաղաքացու և ներմուծված դեղորայքի վերաբերյալ տվյալներն արտացոլվում են էլեկտրոնային համակարգում, ինչը թույլ է տալիս կանխել անձնական օգտագործման փոխարեն առևտրային նպատակով դեղերի ներմուծումը։ Քաղաքացին նաև ծանուցում է ստանում, որ տվյալ օրացուցային տարվա ընթացքում այլևս չի կարող օգտվել արտոնությունից։

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ փոստային առաքանիով հոգեմետ նյութեր պարունակող դեղեր ներմուծելն արգելված է: Նախորդ տարի օրենքի պահանջը խախտելու և փոստային առաքանիներով Հայաստան թմրամիջոց ու հոգեմետ նյութ տեղափոխելու 240 դեպք է բացահայտվել, ինչը թմրամիջոցների տեղափոխման ընդհանուր դեպքերի 82%-ն է:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան