Անհրաժեշտ է համահայկական միասնականություն. Ուկրաինայի հայերի միությունը հայտարարություն է տարածել

Կիևում նոյեմբերի 10-ին կայացել է Ուկրաինայի Հայերի միության Կիևի և Երևանի օպերատիվ շտաբների համատեղ նիստը՝ Հայաստան օգնության տրամադրման և կազմակերպման հարցով:  AnalitikaUA.net-ը տեղեկացնում է, որ հայրենակիցներին օգնություն տրամադրելու ուղղությամբ աշխատանքներրի համակարգմանն ուղղված քննարկումներից բացի նիստի մասնակիցները՝ Արցախում և Հայաստանում վերջին իրադարձությունների վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկան:

«Ուկրաինայի Հայերի Միությունը կոչ է անում Հայաստանի քաղաքական ուժերին պահպանել կայունություն, իսկ բոլոր անհրաժեշտ քայլերն իրականացնել երկրի Սահմանադրությանը համապատասխան: Մեզ բոլորիս պետք է համահայկական միասնականություն՝ հաղթանակին հասնելու համար: Արցախում ռազմական գործողություններ սկսելու առաջին իսկ օրվանից ու մինչ օրս՝ Ուկրաինայի հայերի միության կողմից հսկայական աշխատանք է տարվել համապատասխան օժանդակություն ցուցաբերելու ուղղությամբ: Մենք շարունակելու ենք աջակցություն ցուցաբերել այն մարդկանց, որոնք տուժել են պատերազմի հետևանքով:

Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում սրտացավ այն բոլոր քաղաքացիներին, ովքեր անտարբեր չմնացին մեր պատմական հայրենիքի համար դժվար օրերին և իրենց օգնությունը ցուցաբերեցին: Մեր միասնական աշխատանքի շնորհիվ մենք կարողացանք օգնել պատերազմի հետևանքով իրենց տները կորցրած մարդկանց: Մեր բոլոր հայրենակիցներին կոչ ենք անում պահպանել հանգստություն և չկորցնել ոգու արիությունը: Խնդրում ենք լինել ուշադիր և չտրվել սադրանքների»,-ասված է հայտարարությունում:

Նիստը, որ անցկացվեց կազմակերպության ղեկավար Վիլեն Շատվորյանի գլխավորությամբ, հատուկ ուշադրություն հատկացվեց  Ուկրաինայում բնակվող հայրենակիցների անվտանգության խնդրին: Առանձնահատուկ շեշտվեց օրենքներին հետևելն ու պրովոկացիաներին ոչ մի կերպ չենթարկվելու անհրաժետությունը:

Միջոցառմանը ներկա էին Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը և Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս Հովհաննիսյանը:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում