Անի խոշորացված համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Անի խոշորացված համայնքի ղեկավարի կողմից կատարված չարաշահումների հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ համայնքի ղեկավարը, 2017թ. նոյեմբերի 5-ից զբաղեցնելով նշված պաշտոնը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, միանձնյա որոշում է կայացրել իր բարեկամուհու՝ ՀՀ-ից բացակայելու պայմաններում Մարալիկ քաղաքի Ձերժինսկու փողոցի շենքերից մեկի բնակարանը վարձակալական հիմունքներով հատկացնելու և նրան բնակարանի օրդեր տալու վերաբերյալ՝ դրանով իսկ նախապայման ստեղծելով ավագանու անդամների կողմից՝ հետագայում հիշյալ բնակարանը նվիրատվության եղանակով վերջինիս օտարելու գործընթացում կողմ քվեարկելու համար:

Ստանալով համայնքի ավագանու անդամների համաձայնությունը՝ որոշում է կայացրել վերոհիշյալ բնակարանը նվիրաբերության եղանակով բարեկամուհուն հատկացնելու մասին, որից հետո համայնքապետարանի ներկայացուցչի և կնոջ միջև կնքվել է նվիրատվության պայմանագիր և բնակարանը անհատույց օտարվել է կնոջը՝ էական վնաս պատճառելով համայնքի օրինական շահերին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Անի խոշորացված համայնքի ղեկավարը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Related posts

Փրկարարներն իրականացնում են քամու հետևանքով տապալված և կոտրված ծառերի մասնատման, հեռացման աշխատանքներ

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում