Այս ահաբեկչական գործողությունները չեն կանգնեցնի քաղաքացիական խաղաղության հասնելու սիրիական պետության ջանքերը. Անաս Խաթաբ

Հունական ուղղափառ պատրիարքարանը կոչ է արել Սիրիայի ժամանակավոր իշխանություններին «ստանձնել պատասխանատվությունն այն ամենի, ինչ տեղի է ունեցել և շարունակում է տեղի ունենալ եկեղեցիների անձեռնմխելիության խախտման առումով, ու ապահովել բոլոր քաղաքացիների պաշտպանությունը»,- գրում է BBC-ն:

Հայտարարությունը հետևել է Դամասկոսի Սբ Եղիա եկեղեցում կատարված ահաբեկչությանը, ինչի հետևանքով, ըստ Սիրիայի առողջապահության նախարարության տվյալի, զոհվել է 22 մարդ, ևս 63-ը վիրավորվել են։

Սիրիայի ներքին գործերի նախարար Անաս Խաթաբը հայտարարել է, որ իր նախարարության մասնագիտացված խմբերը սկսել են հետաքննել հանգամանքները, որոնք նա անվանել է «դատապարտելի հանցագործություն»։ Նա վստահեցրել է, որ «այս ահաբեկչական գործողությունները չեն կանգնեցնի քաղաքացիական խաղաղության հասնելու սիրիական պետության ջանքերը»:

Հարձակումը դատապարտել է Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Գեյր Պեդերսենի գրասենյակը և կոչ է արել սիրիացիներին «միավորվել մերժելու ահաբեկչության, ծայրահեղականության հրահրումն ու ցանկացած համայնքի վրա հարձակումները»։

ԱՄՆ հատուկ բանագնաց Թոմ Բարաքն էլ ասել է. «Վախկոտության այս սարսափելի գործողությունները տեղ չունեն համընդհանուր հանդուրժողականության և ներգրավվածության նոր գոբելենում, որը հյուսում են սիրիացիները»:

Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան բազմիցս խոստացել է պաշտպանել կրոնական և էթնիկ փոքրամասնություններին: Սակայն վերջին ամիսներին Սիրիան ցնցել է մահացու կրոնական բռնության երկու ալիք:

Չնայած 2019 թվականին Սիրիայում «Իսլամական պետության» կրած ռազմական պարտությանը՝ ՄԱԿ-ը զգուշացրել է, որ խմբավորման և դրա մասնաճյուղերի կողմից սպառնալիքը դարձյալ բարձր է, գրում է BBC-ն:

Փետրվարին կազմակերպության հրապարակած զեկույցում նախազգուշացվել է, որ խմբավորումը կարող է օգտվել Սիրիայում անցումային շրջանից՝ զանգվածային հարձակումներ իրականացնելու և երկիրը օտարերկրյա զինյալների հավաքագրման նոր կենտրոնի վերածելու համար։

Related posts

Հայաստանը բարձր է գնահատում Լյուքսեմբուրգի հետ ձևավորված գործընկերային հարաբերությունները. Նիկոլ Փաշինյան

Քույր ու եղբոր ծեծի գործով Տաթև համայնքի վարչական ղեկավարն ու ևս մեկ անձ կալանավորվել են

Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունը վերածվել է դանակահարության. բաժին է ներկայացել 20-ամյա երիտասարդ