Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու առնչությամբ։
«Թեհրանը չի հապաղի Իսրայելին և ԱՄՆ-ին պատասխան հարվածներ հասցնելու հարցում։ Եկել է հայրենիքը պաշտպանելու և հակառակորդի ռազմական հարձակմանը պատասխանելու ժամանակը»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ-ն։
Արտաքին քաղաքական գերատեսչությունից ընդգծել են՝ ինչպես պատրաստ էին բանակցություններին, առավել պատրաստ էին նաև Իրանի ժողովրդին պաշտպանելուն։
«Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը վստահ հակահարված կտան ագրեսորին՝ օգտագործելով ունեցած բոլոր լիազորությունները։ Իրանին Իսրայելի և ԱՄՆ-ի հասցրած հարվածները ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետի խախտում են և Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ուղղված ակնհայտ զինված ագրեսիա։
Այս ագրեսիային արձագանքելը Իրանի օրինական իրավունքն է՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի, և Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը կօգտագործեն իրենց ողջ ուժն ու ռեսուրսները՝ այս հանցավոր ագրեսիային դիմակայելու համար»,- ասված է հայտարարության մեջ:
Իրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, անվտանգության խորհրդի նախագահին և խորհրդի անդամ երկրներին կոչ է արել կատարել իրենց պարտականությունները և անհապաղ միջոցներ ձեռնարկել միջազգային անվտանգության ու խաղաղության դեմ գործողությունները դադարեցնելու ուղղությամբ։
Ավելի վաղ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Իսրայելը կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին՝ Իսրայելին սպառնացող վտանգը չեզոքացնելու համար։ Իրանական լրատվամիջոցներն էլ հայտնել են Թեհրանում պայթյունների մասին։
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին լքել է Թեհրանը՝ իսրայելական ավիահարվածների պատճառով։ Նա տարհանվել է անվտանգ վայր։ Իրանի նախագահը ևս չի տուժել։
Իրանը և Իսրայելը փակել են իրենց օդային տարածքները։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողության մեկնարկը։