Ամուսինները բռնություն գործադրելու սպառնալիքով անձին հարկադրել են 2026-ի հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին ընտրել «Մեր ձևով»-ի թեկնածուին. հարուցվել է հանրային քրեական հետապնդում

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվում է ամուսինների կողմից բռնություն գործադրելու սպառնալիքով անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը: Այդ մասին հայտնում են ՔԿ-ից:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2026 թվականի մարտի 9-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի աշխատակից Վ.Կ.-ն և նրա կինը՝ Վ.Դ.-ն, ժամանելով Ա.Հ.-ի բնակարան, վերջինիս ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախնական և միասնական դիտավորությամբ, հիշյալ տան բակում՝ աստիճանների վրա առաջացած խոսակցության ժամանակ, խմբի կազմում փոխլրացնելով միմյանց գործողությունները, Ա.Հ.-ի նկատմամբ բռնություն գործադրելու և գույքը վնասելու, ոչնչացնելու սպառնալիքներ հնչեցնելով, հարկադրել են անձնագրով ժամանել Տաշիր համայնքում գործող «Մեր ձևով» կուսակցության գրասենյակ, հաշվառվել որպես նշված կուսակցության անդամ, իսկ առաջիկա՝ 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի հերթական ընտրություններին ընտրել իրենց թեկնածուին, հակառակ պարագայում սպառնացել են պայթեցնել նրա բնակարանն այնպես, որ այդ ամենը ներկայացվի որպես դժբախտ պատահար:

Վ.Կ.-ի և Վ.Դ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելը):

Ամուսնու նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ կնոջ նկատմամբ՝ բացակայելու արգելքը, գրավը և վարչական հսկողությունը:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Related posts

ՀՀ-ն որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ. Փաշինյան

Քրեական ոստիկանները Բյուրեղավանի բնակչուհու տանը մեթամֆետամինով ու մարիխուանայով փաթեթներ են հայտնաբերվել

Ռուսաստանի երկինքն անվտանգ չէ միջազգային թռիչքների համար. Զելենսկի