ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Փաշինյանի հետ հանդիպմանը շեշտել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ ամրապնդելու համագործակցությունը ՀՀ հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմային: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Վարչապետը կարևորել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության հետևողական զարգացումն ու բազմաոլորտ համագործակցության խորացումը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պարոն Վերմայի այցը կնպաստի երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի, ժողովրդավարության ամրապնդման և տնտեսական զորեղացմանը միտված ծրագրերի, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մակարդակում հարաբերությունների ընդլայնմանը:

Ռիչարդ Վերման շեշտել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ ամրապնդելու համագործակցությունը Հայաստանի հետ տարբեր ուղղություններով, այդ թվում՝ տեղական մարմինների և համայնքների միջև, ինչպես նաև տնտեսության, կրթության և այլ ոլորտներում:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են այս տարվա ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը վերաբերող հարցեր:

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի, «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, վերջերս Կառավարության կողմից հաստատված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի իրականացման շուրջ: Վերջինիս առնչությամբ վարչապետ Փաշինյանը կարևորել է միջազգային գործընկերների աջակցությունը:

Related posts

Բուհերում շուրջ 400 մլն դրամի գերավճար է ձևավորվել․ 67 մլն դրամ վերադարձվել է շահառուներին. ՊՎԾ

Նիկոլ Փաշինյանը ներկա է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնին

Քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել