ԱՄՆ Կառավարությունը կրկնապատկում է Հայաստանին տրամադրվող ֆինանսավորման շեմը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն ստորագրել են ՀՀ-ի և ԱՄՆ միջև զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագրի փոփոխությունը: Վերջինիս արդյունքում ավելի քան կրկնապատկվում է ԱՄՆ ՄԶԳ-ի համաձայնագրի շրջանակում տրամադրվող գումարի շեմը՝ 120 միլիոն դոլարից դառնալով 250 միլիոն դոլար, ինչպես նաև ընդլայնվում են համատեղ ծրագրերի ոլորտները:

Ընդլայնված համաձայնագիրը կներառի այնպիսի առանցքային ոլորտներ, ինչպիսիք են՝ աղետների ռիսկի կառավարումը, կիբեռանվտանգությունը, պարենային և էներգետիկ անվտանգությունը, տարածաշրջանային համագործակցությունն ու առևտուրը, ժողովրդավարական գործընթացները և տնտեսական ներառական զարգացումը:

«Հայաստանի համար կարևորը ոչ միայն ֆինանսական աջակցությունն է, այլև մեր համատեղ ծրագրերի արդյունքում խթանվող ժողովրդավարական արժեքները, ստեղծարար գաղափարներն ու զարգացած գործարար մշակույթը: Վերջիններիս ներդրումը մեր երկրում թույլ է տալիս իրականացնել հիմնարար բարեփոխումներ և բարձրացնել քաղաքացիների կյանքի որակը»,- նշել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ շնորհակալություն հայտնելով ԱՄՆ-ին հավակնոտ բարեփոխումների Հայաստանի օրակարգն իրականություն դարձնելու ճանապարհին աջակցելու համար:

«Այս փոփոխությունը ցույց է տալիս մեր հանձնառությունը Հայաստանի հետ մեր գործընկերությանը: Մեծացնելով մեր աջակցության ծավալը և ընդլայնելով մեր ծրագրերը՝ մենք օգնում ենք Հայաստանին զարգանալ և հաջողության հասնել: Մեր աշխատանքը Հայաստանի Կառավարության և նախարարությունների հետ վճռորոշ դերակատարություն ունի մեր ընդհանուր նպատակներին հասնելու գործում»,- ասել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան