Ախուրյան համայնքում բացվել է Վահրամաբերդ-Մարմաշեն-Առափի «Արգիշտի I» արշավային արահետը

Ախուրյան համայնքի Մարմաշեն վանական համալիրին նայող բարձունքի հարթավայրում հանդիսավորությամբ բացվել է Վահրամաբերդ-Մարմաշեն-Առափի «Արգիշտի I» արշավային արահետը։ Արահետի ստեղծման նախաձեռնությունը միտված է համայնքում զբոսաշրջության զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանի մշակութային ժառանգությունը զբոսաշրջիկներին և տեղացիներին առավել մատչելի դարձնելուն։ Նախաձեռնությունն իրականացվել է «Յալկեզյան» և «Շեն» բարեգործական հիմնադրամների, «Բնատաճար» կազմակերպության և Ախուրյանի համայնքապետարանի համագործակցությամբ։Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ախուրյանի համայնքապետարանից, ընդհանուր առմամբ բարեկարգվել և կահավորվել է շուրջ 11 կմ երկարությամբ քայլարշավային արահետ, որն անցնում է մի շարք պատմական շերտերով՝ ներառյալ ուշ միջնադարյան գերեզմաններ, հուշարձանների ավերակներ և Արգիշտի Առաջինի սեպագիր արձանագրությունը (մ.թ.ա. VIII դար)։ Արահետի հարակից տարածքով հոսում է Ախուրյան գետը, իսկ երթուղու վերջնակետը Մարմաշեն վանական համալիրն է։ Ծրագրի շրջանակում մաքրվել է ամբողջ տարածքը, կառուցվել է չորս էկոլոգիապես անվտանգ փոքր կամուրջ, տեղադրվել են տեղեկատվական ցուցանակներ՝ շուրջ 15 կետում, որոնք ներկայացնում են պատմական և մշակութային նշանակության վայրեր։ Աշխատանքներն իրականացվել են այնպիսի ձևով, որ պահպանվի բնության բնական միջավայրը և էկոլոգիական հավասարակշռությունը։

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ