Ալիևը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը և հայատյացությունը նպատակաուղղված կերպով տեղափոխում է պանթուրքիզմի և պանիսլամիզմի հարթություն. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ ի պատասխան Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահի ելույթի:

«Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից արված հայտարարությունը բավականին մտահոգիչ է՝ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման տեսանկյունից:

Ադրբեջանի նախագահը շարունակում է հակահայկական տրամադրություններ հրահրել ոչ միայն Ադրբեջանում, այլ նաև թյուրքալեզու և մահմեդական երկրների հասարակություններում: Դրանով Ադրբեջանի ղեկավարը միտումնավոր էթնիկ և կրոնական երանգներ է հաղորդում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը՝ փորձելով թյուրքական և մահմեդական աշխարհները համախմբել Ադրբեջանի նկրտումների շուրջ:

Ալիևը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը և հայատյացությունը նպատակաուղղված կերպով տեղափոխում է պանթուրքիզմի և պանիսլամիզմի հարթություն՝ այսպիսով ծայրահեղականության տարրեր հաղորդելով այդ գաղափարախոսություններին:

Եվ այս համատեքստում Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների հանցավոր եռադաշինքի առաջին լուրջ աշխարհաքաղաքական հայտը հանդիսացավ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիան: Դրան հաջորդում են ծավալապաշտական նկրտումները նաև Հայաստանի Հանրապետության տարբեր տարածքների, մասնավորապես՝ Սյունիքի նկատմամբ:

Միջազգային հանրության կողմից համարժեք քայլերի բացակայության ներքո այլ տարածաշրջաններում ևս անշուշտ տեղի են ունենալու համանման գործողություններ, որոնք համաշխարհային անվտանգության համար հղի են անկանխատեսելի հետևանքներով»,- ասված է ԱՀ ԱԳՆ հայտարարության մեջ:

Related posts

Հութիներն ու Իսրայելն իրականացնում են փոխադարձ հարվածներ

Համաձայնության ենք եկել խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ, պատրաստ ենք ստորագրել և վավերացնել. Միրզոյան

Ռուսաստանի տրանսպորտի նախարարն ինքնասպան է եղել. նրան հուլիսի 7-ի առավոտյան Պուտինն ազատել էր պաշտոնից