Ադրբեջանցիները ավերել են Հալիվորի կամուրջը

«Կովկասի ժառանգության մշտադիտարկում» (Caucasus Heritage Watch) կայքը հրապարակել է տիեզերքից արված լուսանկարներ, որտեղ երևում է, որ ադրբեջանցիները ավերել են Հալիվորի կամուրջը։

Հալիվորի կամ Հալևորի կամուրջը գտնվում է Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղից 2 կմ հարավ-արևմուտք` Իշխանագետի վրա:

Համաձայն կամրջի հոսքընթաց ճակատին ագուցված քարի վրա փորագրված և ցարդ պահպանված շինարարական 7-տողանի արձանագրության` կառուցվել է 1835թ.:

Այն Իշխանագետի և նրա վտակների վրա կառուցված 6 կամուրջներից մեկն է, որոնցից չորսն անխափան պահպանվում են և գործում:

Հալիվորի կամուրջն ասես Իշխանագետի կանաչ գոտին լինի: Իրականում այդ գոտին Մեծ Թաղերի տարածքը գետի վրայով կապում է Տումի գյուղի տարածքի հետ: Միակամար, կիսագլանաձև թաղով ծածկված կամուրջն իրար է կապել ժայռոտ ձորափերը: Այն ունի 20 մետր երկարություն, 3 մետր լայնություն և 9 մետր բարձրություն: Կամարային բացվածքի լայնությունը կազմում է 9 մետր: Շինարարական կիսաեղծ արձանագրությունը գտնվում է հյուսիսարևմտյան խելի պատին ագուցած արձանագրության մեջ, որում գրված է.
«Յիշատակ է /կամուրջըս Յարու/ թիլն որդի Գեվ/ որքի, շինեցի իմ /ծնօղաց, օվ անցնի/ ա /աստուած ողորմի ասի, /ՌՄՁԴ /1835թ./»:

Անհրաժեշտ է նշել, որ այս կամուրջն իր կառուցվածքով և դիրքով տարբերվում է մյուսներից: Տեղանքից ելնելով` նոր կամուրջը կառուցվել է այնպես, որ Մեծ Թաղերի կողմից կամրջի խելը մոտ երկու մետր ցած է հանդիպակաց կողմի խելից: Կառուցված է որձաքարի խոշոր և մանր անտաշ բեկորներից, ամուր կրաշաղախով:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում