Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ոչ մի կապ չունի ԼՂՀ-ի հետ․ Արցախի ԱԺ խմբակցություններ

Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները հայտարարություն են տարածել՝ նշելով, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ոչ մի կապ չունի ԼՂՀ-ի հետ։

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

Նկատի ունենալով Ռուսաստանի Դաշնության կողմից Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անկախության ճանաչումը և դրան հաջորդած 2022 թ. սեպտեմբերի 30-ին վերոհիշյալ երկրամասերի, Խերսոնի և Զապորոժեի մարզերի վերամիավորումը ՌԴ-ին՝ ԱՀ ԱԺ խմբակցությունները արձանագրում են, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը 1991թ. իրավական առումով անթերի իրացրել է ինքնորոշման իր իրավունքը՝ միջազգային իրավունքի նորմերին, ժողովրդավարության սկզբունքներին և այդ ժամանակ գործող ԽՍՀՄ օրենսդրությանը համապատասխան: Միջազգային հանրությունը Ադրբեջանը ճանաչել էր որպես անկախ պետություն ԽՍՀՄ ներքին օրենսդրությամբ որոշված սահմաններում: Ըստ այդ օրենսդրության՝ Ադրբեջանի անկախության ձեռք բերման ժամանակ Լեռնային Ղարաբաղը տվյալ երկրի հետ որևէ առնչություն չուներ, այլապես նա չէր ընդգրկվի ՄԱԿ-ի կազմում, ուստի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ոչ մի կապ չունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ:

Ընդունելով ՄԱԿ կանոնադրության առաջին հոդվածում ամրագրված ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքը և Արդարադատության միջազգային դատարանի 2010թ. հուլիսի 22-ի վճիռը, ըստ որի միջազգային իրավունքը չի արգելում այնպիսի անկախության հռչակումը, ինչպիսին Կոսովոյում էր, ԱՀ ԱԺ խմբակցությունները կոչ են անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին՝ Ռուսաստանի Դաշնությանը, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Ֆրանսիային և ՄԱԿ անդամ մյուս 190 պետություններին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, դրանով իսկ ի չիք դարձնելով նրա բնակչության առջև ծառացած գոյաբանական լրջագույն սպառնալիքները:

«Ազատ Հայրենիք-ՔՄԴ»

«Միասնական hայրենիք»

«Արդարություն»

«Հայ Հեղափոխական Դաշնակցություն»

«Արցախի ժողովրդավարական կուսակցություն»

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում