Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը պետք է դատապարտվի քաղաքակիրթ աշխարհի կողմից. վարչապետն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

Ինչպես  հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետն արդյունավետ է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերությունը, որի շրջանակում բազմաթիվ ծրագրեր են կյանքի կոչվում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է  ԵՄ ներգրավվածությունը Հայաստանում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերում և, ի մասնավորի, տեղեկացրել, որ կառավարությունը որոշել է մեկնարկել «Հյուսիս-հարավի» հարավային՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարությունը:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված պատերազմից հետո ստեղծված իրավիճակին և հումանիտար խնդիրներին՝ վարչապետը նշել է, որ հայկական կողմի համար կարևորագույն առաջնահերթություն է մնում հայ ռազմագերիների վերադարձը, ինչն ամրագրված է 2020թ. նոյեմբերի 10-ի հայտարարության 8-րդ կետով, սակայն Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել այդ կետի մեկնաբանությունը և ձգձգել ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձը: Նիկոլ Փաշինյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի ուշադրությունը հրավիրել է մարդասիրական այս կարևոր հարցի վրա և կարևորել միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԵՄ կառույցների առարկայական ներգրավումը դրա լուծմանը:

Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից պաշտոնապես խրախուսվող հայատյացության քաղաքականությանը, որի բացահայտ դրսևորումը օրերս Բաքվում բացված Արցախյան պատերազմի թեմայով «պուրակն» է և այնտեղ Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները փառաբանող «ցուցադրությունները», երեխաների ներգրավումն այդ քաղաքականությանը: Նիկոլ Փաշինյանը խորը վրդովմունք է հայտնել այս կապակցությամբ՝ այն համարելով լուրջ մարտահրավեր տարածաշրջանային խաղաղությանը և ընդգծել, որ անպատկերացնելի է 21-րդ դարում Եվրոպայի խորհրդի անդամ հանդիսացող երկրի կողմից նման վարքագիծը, որը չի կարող հարիր լինել քաղաքակիրթ աշխարհին: Վարչապետն անհրաժեշտ է համարել միջազգային հանրության համարժեք արձագանքը Ադրբեջանի մարդատյաց քաղաքականությանը և շեշտել, որ սա ամենամեծ հիմքն է՝ Լեռնային Ղարաբաղի դեպքում «անջատում հանուն փրկության» սկզբունքը կիրառելու համար:

ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ ԵՄ-ն կարևորում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը և մտահոգիչ համարել այն խաթարող մարտահրավերների դրսևորումը, ինչը հնարավոր չի դարձնում համապատասխան մթնոլորտի ձևավորումը: Տոյվո Կլաարը ՀՀ վարչապետին է ներկայացրել Հայաստանի սահմանամերձ մարզեր կատարած այցի և այնտեղ ունեցած հանդիպումների տպավորությունները: Ընդգծվել է սահմանամերձ բնակավայրերի բնակչության իրավունքների պաշտպանության կարևորությունը:

Վարչապետը ԵՄ հատուկ ներկայացուցչի ուշադրությունը հրավիրել է նաև Ադրբեջանի կողմից Արցախ մուտք գործելու հարցի շահարկման վրա, որի նպատակը միջազգային կառույցների հումանիտար գործունեությունը ԼՂ-ում խոչընդոտելն է: Այս առումով Նիկոլ Փաշինյանը կարևորել է Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելը: Արձագանքելով հարցին՝ Հայաստանում ԵՄ դեսպանը նշել է, որ ԵՄ-ն շարունակելու է մարդասիրական ծրագրեր իրականացնել Արցախում և աջակցություն ցուցաբերել:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ դեռևս չլուծված է մնում ԼՂ կարգավիճակի հարցը, և Հայաստանի դիրքորոշումն այս առնչությամբ այն է, որ պետք է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:

Նիկոլ Փաշինյանն ու Տոյվո Կլաարն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության այլ հարցերի ևս, մտքեր փոխանակել տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների բացման հարցի շուրջ:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում