Շվեյցարիան Հայաստանին 4․500․000 շվեյցարական ֆրանկ է հատկացրել բնության պահպանության և տնտեսական զարգացման համար

Ապրիլի 15-ին մեկնարկում է «Հայաստանում կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագիրը, որի շրջանակներում Շվեյցարիայի կառավարությունը Հայաստանին տրամադրել է 4․500․000 շվեյցարական ֆրանկ դրամաշնորհ: Ծրագիրն իրականացվելու է «Բնության համաշխարհային  հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի» կողմից՝ «Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության» (SDC) հետ համագործակցությամբ։

Ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանի մարզերում ֆերմերների և գյուղական բիզնեսների եկամուտը՝ տեղական բնական ռեսուրսների տնտեսապես ավելի արդյունավետ և ավելի կայուն օգտագործման շնորհիվ: Այն նպաստելու է նաև բնության և կլիմայի փոփոխության քաղաքականության խթանմանը, քանի որ փոխկապակցելու է տնտեսական աճը, բնական պաշարների և կենսաբազմազանության պահպանությունը։

Ծրագիրը տևելու է 8 տարի և իրականացվելու է Տավուշի, Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում:

Տվյալ ծրագիրը կյանքի է կոչում Շվեյցարիայի արտաքին քաղաքականության և զարգացման համագործակցության սկզբունքներն ու խնդիրները և լիովին համահունչ է Շվեյցարիայի ազգային քաղաքականությանը և նպատակներին:

Շվեյցարիան, ինչպես և Հայաստանը, լինելով լեռնային երկիր՝ տարիների ընթացքում խորացրել է բնության և էկոհամակարգերի հետ կապված նմանատիպ մարտահրավերների լուծման ուղղությամբ իր գիտելիքներն ու փորձը և ցանկանում է աջակցել Հայաստանին շուկայական տնտեսությանն անցման գործում, ինչպես նաև նպաստել նրան, որ երկրի բնակչությունն օգուտներ քաղի ներառական տնտեսական զարգացումից:

Նախագիծն իրականացվելու է՝ հիմք ընդունելով SDC-ի կողմից արդեն երկար տարիներ ֆինանսավորվող ծրագրերի հետ աշխատանքը և համագործակցությունը, ինչպիսիք են «Անասնապահության զարգացումը Հայաստանի հարավում և հյուսիսում» և «Տեղական ինքնակառավարման համակարգի բարելավումը Հայաստանում» ծրագրերը:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում