Ադրբեջանի դեսպանը դիպուկահարներով է սպառնում ԵՄ առաքելության դիտորդներին․ Լուազո

Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն արձագանքել է Բելգիայում և Լյուքսեմբուրգում Ադրբեջանի դեսպան, Եվրամիությունում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Վագիֆ Սադիկովի թվիթերյան գրառմանը: Դեսպանին դուր չի եկել ԵՄ առաքելության դիտորդների ներկայությունը հայ-ադրբեջանական սահմանին և իր միկրոբլոգում նա ԵՄ ներկայացուցիչներին դիպուկահարներով է սպառնացել:

«Նրանք գիտեն՝ ինչ անել իրենց պաշտպանելու համար։ Ադրբեջանական արտադրության Istigal IST-14.5 դիպուկահար հրացանը մոտ 3000 մետր հեռահարությամբ է կրակում։ Տղանե՛ր, հեռու մնացեք Ադրբեջանի պետական սահմանից․․․»,- գրել է ադրբեջանցի դեսպանը և տեղադրել դիպուկահար հրացանի լուսանկարը։

Լուազոն այդ գրառումը որպես անմիջական սպառնալիք է որակել եվրոպացի դիտորդներին, որոնք պարեկություն են իրականացնում հայ-ադրբեջանական սահմանին: Թվիթերի իր միկրոբլոգում նա գրել է.

«Արդյոք սա սպառնալի՞ք է Եվրախորհրդարանի պատգամավորներին։ Դա իսկապե՞ս ադրբեջանցի «դիվանագետն» է ասում։ Ի՞նչ մակարդակի է հասել ադրբեջանական դիվանագիտությունը։ Միջազգային դատարանի որոշման նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելն ու 120.000 մարդու պատանդ վերցնելը հպարտանալու բան չեն։ Դա է պատճառը, որ ձեր նյարդերը տեղի են տալիս: Մեզ՝ հզոր արժեքներ ունեցող եվրոպացիների վրա դա տպավորություն չի թողնում։ Մենք շարունակելու ենք սատարել խաղաղությունն ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հանդեպ հարգանքը»։

Հայաստան կատարած այցի ընթացքում Լուազոն հանդիպել է նաև դեպի Լաչինի միջանցքի մուտքը պարեկություն իրականացնող ԵՄ ներկայացուցիչների հետ, որից հետո հաստատել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ամբողջական և ապօրինի արգելափակումը։

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել