Ադրբեջանի Գաբալա քաղաքում Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ տեղի է ունեցել սահմանազատման պետական հանձնաժողովի 12-րդ հանդիպումը

2025 թ. նոյեմբերի 28-ին Ադրբեջանի Հանրապետության Գաբալա քաղաքում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 12-րդ հանդիպումը: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:

Գոհունակությամբ նշվել է, որ հանձնաժողովների 12-րդ հանդիպումը կայանում է կողմերից մեկի տարածքում՝ ադրբեջանական Գաբալա քաղաքում:

Հանդիպման ընթացքում կողմերը նշել են 2025 թ. հունվարի 16-ի 11-րդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունը պետական սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները հյուսիսային հատվածից՝ Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի սահմանների հատման կետից և այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանն Իրանի Իսլամական Հանրապետության հետ սկսելու վերաբերյալ:

Կողմերը մանրամասն մտքեր են փոխանակել սահմանազատման միջոցառումների հետ կապված կազմակերպչական և տեխնիկական հարցերի շուրջ:

Քննարկվել են նաև սահմանազատման  աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ համապատասխան ուղեցույցների նախագծերը:

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն առանձին մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվը Հայաստանի Հանրապետության քաղաքներից մեկում:

Related posts

70 տեղ, 6 մասնագիտություն՝ ՇՊՀ-ում. առանց քննությունների ընդունելության հնարավորություն

Համայնքային ոստիկանները Ողջաբերդ գյուղի բնակչի տանը ապօրինի զենք-զինամթերք և կանեփի թփեր են հայտնաբերել

Առաջիկա օրերը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով