Ադրբեջանը ցանկանում է, որ Արցախի բնակիչները լքեն իրենց հողը. Ռուբեն Վարդանյան

Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել իտալական հեղինակավոր TEMPI պարբերականին՝ ներկայացնելով ադրբեջանական շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը: Նա ընդգծել է, որ իրավիճակը բարդ է, սակայն արցախահայությունը մտադիր չէ հանձնվել և շարունակելու է պաշտպանել սեփական հողում ապրելու իր իրավունքը:

«Մենք ամբողջովին կտրված ենք արտաքին աշխարհից և արդեն բազմաթիվ հումանիտար խնդիրներ ունենք: Նման իրավիճակում շատ կարևոր է դառնում օդային կամուրջի անհրաժեշտությունը», – ասել է Վարդանյանը՝ ընդգծելով, որ Արցախի շրջափակման խնդիրը քննարկվել է ՄԱԿ Անվտանգության խորհրդում և ՄԻԵԴ-ում, և միջազգային ընդհանուր գնահատականով իրավիճակն անընդունելի է համարվել:

Խոսելով ադրբեջանական կեղծ բնապահպանական պահանջների մասին, պետնախարարն ասել է. «Նրանք ամենևին էլ բնապահպաններ չեն, նրանք Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ են: Կարևորելով բնապահպանական խնդիրները՝ մենք առաջարկել ենք Ադրբեջանին միջազգային հանձնաժողով ձևավորել և ստուգել, թե արդյոք կա շրջակա միջավայրին հասցված վնաս, որի մասին հաղորդվում է: Բայց նրանք չեն համաձայնվել։ Այն, ինչ տեղի է ունենում, մանրակրկիտ ծրագրված է: Ադրբեջանցիների մտադրությունը քաղաքական է, ոչ թե բնապահպանական. նրանք ցանկանում են ճնշում գործադրել Արցախի բնակիչների վրա, որպեսզի վերջիններս լքեն իրենց հողը»:

Արձագանքելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին հարցին՝ Վարդանյանը նշել է. «Հայերն ու ադրբեջանցիները տարբեր ազգեր են, տարբեր մշակույթ, տարբեր արժեքներ ունեն, բայց պետք է ելք գտնեն ապրելու որպես հարևաններ նույն տարածաշրջանում, առանց պատերազմելու միմյանց դեմ:

Խաղաղության համաձայնագիր ձեռքբերելը դժվար է, բայց հնարավոր: Կարևոր է, որ Ադրբեջանը ճանաչի Արցախը: Վստահ եմ՝ եթե սկսենք այս կետից, լուծումը կգտնվի»:

Պատասխանելով Ադրբեջանի կողմից իրեն թիրախավորելու մասին հարցին՝ Ռուբեն Վարդանյանն ասել է, որ «Ադրբեջանը դա անում է, որովհետև ես կարող եմ Արցախի ժողովրդի ձայնն ավելի լսելի դարձնել, և սա խնդիր է Բաքվի համար: Մեր կառավարությունը փորձառու առաջնորդների կարիք ունի, Արցախը պետք է ավելի բաց և մրցակցային դառնա: Ես վստահ եմ, որ իմ հմտությունները կարող եմ ծառայեցնել իմ ազգին, և հենց սա է Ադրբեջանի թիրախավորման պատճառը», – ամփոփել է Վարդանյանը:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում