Ադրբեջանը պետք է հարգի Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Մակրոնը խոսել է Ալիևի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում վերահաստատել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու իր պահանջը։ Տեղեկությունը հայտնում է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը։
«Պետության ղեկավարը ևս մեկ անգամ կոչ է արել Իլհամ Ալիևին վերադառնալ հրադադարի ռեժիմին և զինվորականներին վերադարձնել իրենց նախնական դիրքեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Մակրոնը Ալիևի հետ զրույցում հաստատել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատրաստակամությունը՝ շարունակելու բանակցությունները չլուծված հարցերի շուրջ՝ վստահեցնելով, որ Ֆրանսիան իր հերթին պատրաստ է ջանքեր ներդնել։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Փաշինյանը երեկ Ֆրանսիայում հանդիպում է ունեցել նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսում Փաշինյանը միջազգային հանրությանն առաջարկել է դիտորդներ ուղարկել Հայաստանի սահմանամերձ շրջաններ։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:

Related posts

Իմ դիրքորոշումը հստակ է՝ կլինի սուր, բայց կանոնավոր բառապաշարով քննադատություն, կվարվեմ նույն կերպ, կլինի հարգանք՝ կարձագանքեմ հարգանքով․ վարչապետ

Տպավորություն է՝ միջպետական հարաբերությունները փչացնելու հատուկ քայլեր են արվում․ Կիսելյովը՝ «Սպուտնիկ Ադրբեջան»-ի աշխատակիցների ձերբակալման մասին

«Ոչ մի օգուտ չկա հակակարկտայինից»․ այգեգործը պետությունից նոր լուծումներ է ակնկալում