N զորամասում տեղի ունեցավ նորակոչիկների երդման հանդիսավոր արարողություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի N զորամասում տեղի ունեցավ նորակոչիկների երդման հանդիսավոր արարողություն:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Արամ Հակոբյանը, Սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Արման Մարալչյանը, Սահմանապահ զորքերի հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ, գնդապետ Արման Գասպարյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության մարզային ստորաբաժանումների ներկայացուցիչներ և այլք:

Հանդիսավոր արարողությունը մեկնարկեց ՀՀ օրհներգի հնչյուններով։ Արարողության ընթացքում անցկացվեց հանդիսավոր շքերթ, և նորակոչիկները կատարեցին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի օրհներգը:

Զորամասի շարահրապարակում՝ մարտական դրոշի ներքո, տեղի ունեցավ խորհրդանշական միջոցառման հիմնական արարողակարգային հատվածը՝ երդման հանդիսավոր արարողությունը: Նորակոչիկներն ընթերցեցին զինվորական երդման տեքստը, հրամանատարների և ծնողների առաջ երդվեցին անմնացորդ նվիրումով, հպարտությամբ և անձնվիրաբար ծառայել հայրենիքին, պատվով​ պաշտպանել երկրի սահմանները, անվերապահորեն կատարել վերադասի հրամանները` հավաստիացնելով, որ ամեն ինչ անելու են պետական սահմանի անվտանգությունն ապահովելու համար:

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Արման Մարալչյանը, հիշարժան օրվա կապակցությամբ շնորհավորելով նորակոչիկ զինծառայողներին, նրանց մաղթեց խաղաղ և անվտանգ ծառայություն.

«Շնորհավորում եմ ձեզ այս առանձնահատուկ նշանակություն և խորհուրդ ունեցող օրվա կապակցությամբ, ցանկանում եմ առողջություն, ամուր կամք, անամպ երկինք, բարի ծառայություն և բարի վերադարձ ձեր օջախներ։ Միաժամանակ կոչ եմ անում կարգապահությամբ և զինվորական գիտելիքների ու հմտությունների ուսուցման մեջ գերազանցել միմյանց և պատվով կրել սահմանապահի վեհ անունը»։

Սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայողները ցուցադրեցին մարտավարական հնարքներ, իսկ կինոլոգիական կենտրոնը՝ ծառայողական շներով վարժաձևեր։

Related posts

Արարատ Միրզոյանը կմեկնի Լյուքսեմբուրգ

Սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստին քննարկվել է 93 հայտ

Հնդիկ ուսանողների բողոքի ակցիան Գյումրիում